Իրավապահները վիրավորել են «Սասնա ծռերի» 2 անդամի. Ոստիկանությունը հաստատում է և պարզաբանում (տեսանյութ)

Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի հետևանքով ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվում է.«Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:

Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: Բացի այդ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների և պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ: Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ և 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ: Կոչ ենք անում շարունակել համախմբման պայքարը: Հաղթանակը շատ մոտ է»:

Ոստիկանությունը միջադեպի հետ կապված իր վարկածն է տարածել.

«Հուլիսի 25-ի երեկոյան, ժամը 20.00-ից մինչեւ կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենա։ Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։Իրավապահները անմիջապես բուժօգնություն են կանչել եւ առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են։ Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Վիրավորված անձինք են՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում