Սեֆիլյանը երկրի ղեկավարության հետ բարեփոխումների շուրջ քաղաքական բանակցություն պիտի վարի՝ տղաներին լսելուց հետո (տեսանյութ)
Նմանատիպ
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կիրակի օրվանից ասել է, որ անելու է ամեն ինչ, որ ստեղծված իրավիճակն արյունահեղությամբ չավարտվի: Այս մասին Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն՝ անդրադառնալով իրադրության հանգուցալուծման հնարավորությանը: Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է, որ Սեֆիլյանը հանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաներին, ծանոթանա նրանց կոնկրետ պահանջներին, որից հետո արդեն երկրի բարձրագույն ղեկավարության հետ բանակցի:
«Այսինքն՝ երկրի բարձրագույն իշխանությունը զբաղեցնող անձանց հետ նստի բանակցությունների Հայաստանում էական փոփոխություններ անելու ուղղությամբ: Եթե սա համեմատենք տղաների՝ անհապաղ Սերժ Սարգսյանի հեռացման և այլ պահանջների հետ, ողջամիտ մոտեցում է: Այն, ինչ Վիտալի Բալասանյանը մի քանի օր առաջ ասաց, որ Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, դա իրականության խեղաթյուրում է, ինքն ասել է, որ ներկա իրավիճակն ավելի խաղաղ ձևով ավարտելու համար ինքն այս միջոցն է գտնում»,-ընդգծեց Ենիգոմշյանը՝ շեշտելով, որ Ժիրայր Սեֆիլյանը չի ասել, որ ՀՀ նախագահի հեռացման պահանջից ընդհանրապես է հրաժարվում:
Ինչ վերաբերում է բանակցություններին, Ենիգոմշյանն ասաց, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում որևէ բանակցություն չի կայացել, այսօր նույնպես:
Անդրադառնալով Ոստիկանության կոչին՝ Խորենացի փողոցից հավաքներն այլ վայր տեղափոխել, «Հիմնադիր խորհրդարանի» անդամը պնդեց, որ վայրի փոփոխություն չի լինի, քանի որ Ոստիկանությունը հիմնավոր բացատրություն չի տվել: Իսկ կուսակցական դիվիդենտներ շահելու նվազագույն փորձերն անգամ կչեզոքացվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում