Նախագահը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն բռնցքամարտիկ Վլ.Ենգիբարյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ենգիբարյանների ընտանիքին՝ հայ մեծանուն բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է 1932 թ. ապրիլի 24 –ին՝ Երևանում: 1959թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995թ., երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի և վաստակավոր գործչի, ՀԱՕԿ–ի ոսկե շքանշանի:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են (2009թ.) Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3–ին, ժամը 14–ին հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ –ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում