Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր. միացված է արհեստական շնչառություն
Նմանատիպ
«Ժամը 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունվել է երեք վիրավոր, որից մեկը ոստիկանության աշխատող է եղել, ունի սրունքի հրազենային վնասվածք: Կատարվել են համապատասխան միջամտություններ, իր վիճակը գնահատում ենք կայուն: Նաև ընդունվել են երկու վիրավոր` Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը, որոնք անմիջապես տեղափոխվել են վիրահատարան և կատարվել են վիրահատություններ», -լրագրողների հետ զրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Էրեբունի ԲԿ–ի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը հավելյալ նշեց, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, իսկ Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով:
Հայր և որդի Մանուկյանները վիրահատությունից հետո տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:
«Այս պահին երկու տուժածի վիճակն էլ գնահատում եմ իբրև ծանր, սակայն կայուն և վերահսկելի: Երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում», – լրացրեց Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը:
Ըստ նրա՝ ոստիկանի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուս երկուսինը՝ ծանր:
Տեսանյութը՝ panorama.am-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում