Հայաստանի ու Մյանմարի Միության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել

Հունվարի 31-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Մյանմարի Միության Հանրապետության մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Չաո Տինը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետևել է երկու երկրների դեսպանների զրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը: Կողմերը ընդգծել են նաև կրթության, մշակույթի, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Մյանմարում դարեր ի վեր հաստատված հայ համայնքի գործունեությանը:

Մյանմարի Միությունը Հարավարևելյան Ասիայի պետություններից է: Մինչեւ 1989թ. երկրի անվանումներն են եղել’ Բիրմա (Բիրմայի Միություն), Բիրմայի Միության Սոցիալիստական Հանրապետություն: 1989 թվականից Բիրմայի իշխանությունները վերանվանել են այն Մյանմար (Մյանմարի Միություն): Տարածքը’ 678 500 ք/կմ, մայրաքաղաքը’ Ռանգուն (Յանգոն), բնակչությունը’ շուրջ 54 մլն., բնակչության մոտ 90%-ը դավանում է բուդայականություն, բնական պաշարները’ նավթ, փայտանյութ, անագ, ծարիր, ցինկ, պղինձ, վոլֆրամ, ծծումբ, քարածուխ, մարմար, կրաքար, թանկարժեք քարեր:

Երկրի առևտրաշատ քաղաքներում հայերը հաստատվել են դեռևս XVI դարի 1-ին կեսին: XVIII դարի 2-րդ կեսին համայնքն աշխուժացել է Հնդկաստանից ու Նոր Ջուղայից եկած հայերի հաշվին: Հայերը մենաշնորհ են ունեցել սուտակի վաճառքի ոլորտում, ունեցել են լեղակի արտադրության գործարաններ: Հայտնի էին Խոջա Փանոս Քալանթարը, թագավորի վեզիր Խոջա Գրիգոր Այվազյանը, նավապետ Խոջա Սիմոնը, արքունիքի գանձապետ Նիկողայոս Աղազարյանցը, նախարար Իշխան Գրիգոր Մանուկյանը, Ծաղիկ Մանուկյան-Գևորգյանը, նավթարդյունաբերող Առաքել Մարտիկյանը, Պենգու նահանգի կառավարիչ Մկրտիչ Հովսեփ Մինասյանը և ուրիշներ: Ռանգունում (այժմ’ Մյանմարի ամենամեծ քաղաքը) հայերը ղեկավարել են հայտնի «Սթրենդ հոթել» հյուրանոցային համալիրը: Հայկական «Մարտին և Նահապետյան ընկերությունը» կառուցել է Մյանմարի անկախության հուշարձանը Ռանգունում, օդանավակայանը, բազմաթիվ կամուրջներ, շենքեր և այլն:

Դեռևս 1907 թվականին երկրի բարձրագույն դատարանի կողմից հաստատվել է հայ համայնքի կանոնադրությունը, որով համայնքն առաջնորդվել է մինչև 1940թ.: Հայերն իրենց մասնակցությունն են բերել նաև տարբեր ժամանակներում գաղութարարների դեմ Մյանմարի ժողովրդի մղած պայքարին: Ներկայումս Մյանմարում բնակվում է շուրջ 150 հայ՝ Ռանգունի հայոց եկեղեցու շրջակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում