ԿԸՀ-ն մերժել է Ա.Ղուկասյանի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի փետրվարի 4-ի դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվեց փետրվարի 6-ի ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ:

Որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը բացատրեց նրանով, որ հանրային ընկալման գնահատման իրավասությունը ԿԸՀ-ինը չէ: Պետությունը, նրա պարզաբանմամբ, ապահովում է քարոզչության ազատ իրականացում. ՀՀ որևէ օրենք չի արգելում նախագահի թեկնածուներին իրենց քարոզչական հոլովակներում կիրառել որևէ անձի պատկեր:

«Եթե հիմա ասվում է, որ դա կարող է առաջացնել թյուր կարծիք, ապա վաղն էլ ինչ-որ մեկը կարող է բերել նախագահի որևէ թեկնածուի որևէ պաստառ և ասել, որ դա է իր մոտ առաջացնում թյուր կարծիք: Ընկալումը սուբյեկտիվ գործոն է: Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի պատկերի առկայությանը Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակներից մեկում, ապա դա հասարակական վայրում արված պատկեր է »,- ասաց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ շեշտելով, որ Ղուկասյանի դիմումի մեջ ոչ մի իրավական նորմի հղում արված չէ, որևէ իրավական հիմնավորում չկա, գովազդի մասին օրենքում էլ ասվում է, որ այդ օրենքը չի կարգավորում այսպիսի հարաբերությունները:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակներից մեկում, որտեղ հատված կա Մաշտոցի պուրակ այցից, մի դրվագում երեւում է նաև Անդրիաս Ղուկասյանի պատկերը: Անդրիաս Ղուկասյանը պահանջում է արգելել գովազդային հոլովակի ցուցադրումը՝ գոնե նշված հատվածով, քանի որ, ըստ նրա, իր պատկերի գործածմամբ թյուր տեղեկատվություն է տարածվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում