Ա.Զուրաբյանը պարտավորվում է նոր ՀՀՇ հիմնադրել, երբ ՀԱԿ-ը կուսակցության վերածվի

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայ ազգային կոնգրեսում, օրինաչափ է: Գոնե ես բազմիցս հայտնել եմ իմ մտահոգությունն առ այն, որ իրարամերժ գաղափարախոսություններ դավանող ուժերի մեխանիկական միավորումը՝ Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, քաղաքական ապագա ունենալ չէր կարող, և համաժողովրդական հուժկու ալիքի արդյունքում ծնված շարժումը հանգեցնելու էր անփառունակ վախճանի»: Այս մասին նշել է 2002-2010 թթ. ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ 168.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:

«Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանին և իր ձայնազուրկ թիմակիցներին հաջողվեց ավազակապետությունը կազմաքանդելու փոխարեն՝ կազմաքանդել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական համակարգը: Համակարգ, որի չգոյության շնորհիվ՝ այսօր բոլորիս աչքի առաջ վերարտադրվում է ապօրինի, ոչ լեգիտիմ, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր, ոչ օրինակարգ ռեժիմը»,- ընդգծել է Ա.Զուրաբյանը:

Վերջինս նաև պարզաբանել է, թե ինչու էր, իր կարծիքով, այդ գործընթացն օրինաչափ. «Օրինաչափ էր, որովհետև հիմնված է անձի պաշտամունքի, տեսակետների ազատ արտահայտման և ժողովրդավարական այլ ինստիտուտների բացառման սկզբունքի վրա: Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով՝ նշեմ, որ այս ամենի մասին բարձրաձայնել եմ դեռևս այն ժամանակ, երբ ղեկավարում էի Հայոց Համազգային շարժում կուսակցությունը: Ցավով ուզում եմ նշել նաև, որ այդ ժամանակահատվածում ընդդիմադիր գործընկերներիցս որևէ մեկը չի կիսել իմ մտահոգությունները: Ցավալի, բայց միևնույն ժամանակ՝ կանխատեսելի էր, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությանն առաջին արձագանքողներից և ողջունողներից մեկը պետք է լիներ ՀՀՇ վարչության ներկայիս ղեկավարը»:

Ա.Զուրաբյանի գնահատմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը վկայում է նրա վերջնական՝ քաղաքական դավանափոխությ ան մասին:

«Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական ուժի կազմաքանդումը, գաղափարախոսությունից հրաժարումը և այլ գաղափարախոսության որդեգրումը ոտնձգություն է՝ ուղղված 1988 թվականից ի վեր հավատամք դարձած արժեքների ու գաղափարների դեմ: Իրականում սա առաջին նման ոտնձգությունը չէր: Առաջինը՝ 95-96-ն էր, երկրորդը’ 1998-ի հրաժարականը, երրորդը՝ Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու կոչը, չորրորդը՝ Մարտի 1-ին և դրանից հետո իրական քաղաքական պայքարից հրաժարումը, հինգերորդը՝ Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, հաջորդը՝ անփառունակ երկխոսություններն ու քաղաքագիտական վերլուծությունները… Այս և բազմաթիվ այլ քայլերի տրամաբանական հետևանքը լինելու էր Հայոց Համազգային Շարժման ոչնչացումը:

Բարեբախտաբար, ի հեճուկս ՀՀՇ-ի դեմ հարատև պայքարին լծված բացահայտ և ծպտյալ «սոցիալ-ազատականների»՝ Հայաստանի Հանրապետությունում կա մարդկանց ստվար զանգված, որոնց համար միակ ընդունելի գաղափարախոսությունն ազատական գաղափարախոսությունն է: Եվ ես պարտավորվում եմ իմ համախոհների հետ միասին՝ Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո հիմնադրել նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն: Կուսակցություն, որը կառաջնորդվի 88-ի շարժման արժեքներով և գաղափարախոսությամբ, որի բարձրակետն է Հայաստանի անկախությունը»,- ընդգծել է ՀՀՇ վարչության նախկին նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում