«Սասնա ծռերի» գործով հոդվածներն ունեն խրախուսական նորմեր, բայց քննությունը պիտի պարզի՝ պատանդների ազատումն եղել կամովի՞. Արթուր Դավթյան (տեսանյութ)

Lրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն պնդել է՝ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան:

Հարցին՝ այդ դեպքում ինչ է փոխվում, եթե դատախազի թեկնածուն է պնդում, որ չկան երկրում քաղբանտարկյալներ, Արթուր Դավթյանը հակադարձեց. «Ովքե՞ր են ասում, որ կան քաղբանտարկյալներ, որ ես էլ ոչինչ չեմ փոխելու»:

Լրագրողների դիտարկմանը, թե հանրությունն է ասում և նաև անուններ նշում՝ Շանթ Հարությունյան, Գևորգ Սաֆարյան, Դավթյանը պատասխանեց.«Ես չեմ կարող վստահ լինել, որ որևէ մեկիդ ներկայացրածն ամբողջ հանրության կարծիքն է: Ես մասնագիտական առումով կարող եմ ասել, որ իմ աշխատանքային գործունեությամբ ներառված եմ եղել այդ որոշումների կայացման փուլում, այդ որոշումները կայացվել են բացառապես օրենքով նախատեսված կարգով»: Վերջինը շարունակեց՝ ամեն ինչ արվելու է, որ անմեղները չենթարկվեն պատասխանատվության, իսկ հանցանք կատարածները՝ չխուսափեն:

Ինչ վերաբերում է  «Սասնա ծռեր» խմբի անդամների համաներմանը, ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն դեռևս չի կարող ասել՝ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կլինի՞, թե ոչ, քանի որ դեռ չկա համաներման ակտ: 

«Այն հոդվածները, որոնցով հարուցվել է քրեական գործ և մեղադրանքներ են առաջադրվել, այո,  ունեն խրախուսական նորմեր, բայց թե որքանով են խրախուսական նորմերով փաստերն առկա կոնկրետ դեպքում, ցույց կտա քննությունը: Այսինքն՝ քննությամբ պիտի պարզվի՝ արդյո՞ք ունեցել ենք պատանդների կամովի ազատում, շենք-շինությունների հանձնում, թե՞ ոչ»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ի՞նչ է կատարվում այս պահին երեք ոստիկանների մահվան գործով, գլխավոր դատախազի թեկնածուն ասաց, որ քննությունն այս առումով օպերատիվ և լայնածավալ իրականացվում է. «Օրենքով սահմանված կարգով ես չեմ կարող նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակել, բայց ունենք որոշակի արդյունքներ այս առումով: Երբ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար չափով ապացույցներ, կոնկրետ անձանց մեղադրանքներ կառաջադրվեն»: 

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանին, Դավթյանը նշեց, որ նա ապահովել է հանցավոր գործողության արդյունավետությունը. «Նրան մեղադրանք է առաջադրվել զինված խմբին օժանդակելու համար: Նրա մեղադրանքի նկարագրությունը չի արտացոլվում հաց տանելով: Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ եւ տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել է զինված խմբի հանցավոր գործողության արդյունավետությունը: Հաց տանելը չի կարելի մարդկայնորեն սխալ կամ վատ բան համարել, բայց կոնկրետ իրավիճակում մենք չունեինք սովի մեջ մեռնող մարդիկ եւ կոնկրետ այդ անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում ոչ հաց տանելու համար, հետևաբար՝ հաց տանելը չի դատապարտվել»:

Հակադարձմանը՝ արդեն կա՞ն կոնկրետ անձինք, որոնց առաջիկայում մեղադրանք կառաջադրվի և այդ անձինք արդյո՞ք «Սասնա ծռերից» են, Արթուր Դավթյանն ասաց. «Հեռանկարը տեսնում եմ. բավարար ապացույցների համակցումն ապահովելու դեպքում մեղադրանք կառաջադրվի: Բնականաբար, «Սասնա ծռերից» են»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում