Մենաշնորհի վատը լինելը կախված է բնույթից՝ բնականոն է այն, թե՞ ոչ. Կարապետյան (տեսանյութ)
Նմանատիպ
Առանց ստվերի դեմ պայքարի հնարավոր չէ վերարտադրել Հայաստանի տնտեսությունը: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:
«Հայաստանի տնտեսությունն առանց ստվերի դեմ պայքարի վերարտադրվելու բանաձև ունի՞՝ ոչ: Փորձելո՞ւ ենք դա անել, թե ոչ, այո, անելու ենք: Որքանով մեզ կհաջողվի արդյունավետ պայքարել ստվերի դեմ, կտեսնենք: Տրամադրված ենք շատ վճռական, որովհետև ուրիշ ձև գոյություն չունի: Մենք ամեն անգամ հարկերի բանաձևերը փոխելու ճանապարհով չենք կարող մեր տնտեսությունն առաջ տանել»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մենաշնորհները միշտ չէ, որ վատ են. «Դա կախված է մենաշնորհի բնույթից՝ բնականոն է այն, թե՞ ոչ: Շուկան փոքր է, և արդյունավետ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահի, սակայն եթե նա դա անում է բնականոն, մրցունակ ճանապարհով, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա այլ բան է»:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև պատգամավորի այն դիտարկմանը, թե նոր հարկային օրենսգիրքը սահմանափակում է բիզնեսի հնարավորությունները: Նա նշեց, որ արդեն հասցրել է ծանոթանալ հարկային օրենսգրքին և դեռևս լուծում չունի:
«Ծանոթացել եմ, դա շատ բարդ հարց է: Այս պահին լուծում չունեմ: Դրա մասին կխոսենք»,– եզրափակեց վարչապետը:
ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցին ի պատաախան վարչապետն անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի գործարկման խնդրին՝ նկատելով, որ կամայական առաջարկներին վերաբերել ենք որպես հեքիաթային մի փաստի, երբ ներդրողին անգամ չի հետաքրքրել, թե գազի գինն ինչ է լինելու:
Մանրամասները՝ Ա1+-ի տեսագրությունում
Հետևեք մեզ նաև Telegram-ում