Պետք է միասնական թիմ ունենա և ներքին ներդրումներ ապահովի. նախկին վարչապետը նորանշանակին երկիրն առաջ տանելու խնդիրներ է հուշում (տեսանյութ)

Պետք է միասնական թիմ ունենա և ներքին ներդրումներ ապահովի. նախկին վարչապետը նորանշանակին երկիրն առաջ տանելու խնդիրներ է հուշում (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմից և Երևանում  հուլիսյան դեպքերից հետո  ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն իշխանությունների մոտ փոփոխությունների գնալու ձգտում տեսնում է, այլ հարց է՝ որքանով համարձակ կգտնվեն այդ հարցում և ինչ նպատակների կհասնեն:

Ըստ նրա՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խելացի և պատրաստված մարդ է, բայց եթե չկարողացավ կառավարությունը ձևավորել որպես միասնական թիմ, այլ տարբեր տեղերից դարձյալ նախարարները լինեն, որոնք հայտնի չեն ինչ հանգամանքներում են հասել պաշտոնի, Կարապետյանը դժվար թե կարողանա կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախկին վարչապետը պատեհ առիթն օգտագործելով ավելի առարկայական խնդիրներ առաջադրեց նոր կառավարությանը. «Առաջին խնդիրը ներդրումներն են. եթե դրանք չկան, եթե տնտեսության մեջ փող չի ներդրվում, ապա ոչ մի արդյունք չես կարող ստանալ: Իսկ ներդրումները պետք է լինեն ներքին և արտաքին: ՀՀ-ում կան մարդիկ, որոնք շատ մեծ գումարներ են աշխատում՝ միլիոնավոր դոլարների, բայց շատ չնչին ներդրում են կատարում: Փոխարենը դրսում տուն են առնում, կամ ինչ-որ գործարան՝ շոկոլադի, կոնֆետի, կոշիկի և այլն: Այսինքն՝ չկան ներքին ներդրումներ, ավելի ճիշտ՝ շատ քիչ են: Արտաքին ներդրումների առումով ևս հուսալիություն չկա: Եթե այս հարցը չլուծվի, երկիրն առաջ չի կարող գնալ: Ըստ այդմ՝ վարչապետն առաջին հերթին պետք է ապահովի ներքին ներդրումները, որը կխրախուսի նաև արտաքինը: Երկրորդ՝ տնտեսությունը պետք է լինի ազատ մրցակցային, իսկ այստեղ կարևոր դերակատարումը հարկային և մաքսային ոլորտներինն է. այստեղ պետք է աշխատեն ազնվագույն մարդիկ և ամեն հանցագործության համար պատասխանատվություն կրեն, իսկ հիմա հարկայինն ու մաքսայինը մի տեղ են, որտեղ կարող ես գնալ և մի քիչ հարստանալ: Այսպիսի հարկայինով և մաքսայինով առաջ գնալ չենք կարող: Երրորդ գործոնն ազատ մրցակցության՝ դա դատարաններն են. եթե դատարանի միջոցով չեմ կարող իմ իրավունքները պաշտպանել, ապա ոչ մի տնտեսական զարգացում չի կարող լինել: Չորրորդ՝ դա շուկայի հարցն է,  որը փոքր է, և տարեցտարի արտագաղթի հետևանքով էլ ավելի է փոքրանում: Ինչ վերաբերում է դրսի շուկային. հիմա մտել ենք ԵԱՏՄ, հույս կար, որ կապահովվի, բայց այնտեղ էլ խնդիրներ կան։ Իհարկե, դրանով հանդերձ կառավարությունը պետք է կարողանա լայն շուկա գտնել:  Վերջին հարցը՝ պետությունը բյուջեի մի մասը պետք է ծախսի տնտեսությունը խրախուսելու համար՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն: 25 տարիների ընթացքում լուրջ խնդիր չենք դրել ու լուծել՝ ո՛չ գյուղատնտեսությունում, ո՛չ արդյունաբերությունում, ո՛չ կրթության համակարգում և ո՛չ էլ այլ ոլորտում: Խնդիր չունենք դրված, ուղղակի ապրում ենք: Ես քննադատում եմ նախագահներին, վարչապետներին, բայց հասարակությունն էլ է մեղավոր,  հասարակության գերխնդիրը ո՞րն է. ես այնպես եմ հասկանում, որ իշխանություն փոխելն է, իշխանությունից վրեժ լուծելն է: Ե՛վ հասարակությունը, և՛ իշխանությունը պետք է կարողանան իրենց առջև խնդիրներ դնել»:

Times.am -ի դիտարկմանը՝ թե ՀՀ 14 վարչապետներից որի աշխատանքը կառանձնացնի, և արդյո՞ք նրանց հրաժարականների պատճառներում ամեն դեպքում ընդհանուր ինչ-որ գիծ կա, Վազգեն Մանուկյանը զերծ մնաց հրաժարականներից, իսկ պատճառների մասով նշեց՝ պատճառները տարբեր են եղել.«Ընդհանուր գիծ չկա, տարբեր վարչապետներ հրաժարական են տվել տարբեր պատճառներով»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում