ԵԱՏՄ-ին անդամակցման շրջանակում տալիս ենք ավելին, քան պահանջվում է. Վազգեն Մանուկյանն՝ անկախության կորստի մասին (տեսանյութ)
Նմանատիպ
Արդյոք Հայաստանը պետք է անդամակցեր ԵԱՏՄ-ին, կա՞ր այլընտրանք, ճիշտ ճանապարհը Եվրամիությու՞նն էր:
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, չպետք հրապուրվեինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ունենալու փաստով, առհասարակ՝ լավ կլիներ, որ Հայաստանը չլիներ ոչ ԵՄ-ում, ոչ էլ ԵԱՏՄ-ում: Ըստ նրա՝ տարիների ընթացքում Հայաստանը միշտ փորձել է դուր գալ Ռուսաստանին և Եվրամիությանը:
«Հանգամանքներն այնպես ստացվեին, որ մտանք ԵԱՏՄ, դա ստիպված քայլ էր՝ կապված մեր պաշտպանության հետ: Ի վերջո, մենք Ռուսաստանին տվել էինք մեր արտաքին սահմանը: Խոսակցություններին, թե կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, ապա պետք է ասեմ՝ եթե դու մտնում ես որևէ միություն, կորցնում ես քո անկախության ինչ-որ մի մասնիկը: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան ԵՄ անդամ էր, անկախության մի մասնիկը կորցրած էր, որովհետև պիտի ենթարկվեր ընդհանուր կոլեգիալ որոշումներին և որոշեցին դուրս գալ: 20-րդ դարի սուվեներությունը հիմա գոյություն չունի, և բոլորն էլ իրենց անկախության մի մասնիկը զոհաբերում են ընդհանուր կաթսայից օգտվելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ մենք շատ ավելի ենք ենթարկվում Ռուսաստանին, համաձայն եմ՝ այդ տպավորությունը կա: Բայց այստեղ մեղավորը մենք ենք. տարիների ընթացքում Հայաստանը միշտ փորձել է դուր գալ Ռուսաստանին և Եվրամիությանը՝ քեզ էլ եմ սիրում, նրան էլ, քո ասածն էլ կանեմ, նրա ասածն էլ: Տնտեսության բավականին մեծ ոլորտներ տվեցինք Ռուսաստանին, բա ինչ ենք սպասում, որ Ռուսաստանը չի փորձելու իր կամքը թելադրե՞լ»,-շեշտեց Վազգեն Մանուկյանը: Միաժամանակ, վերջինը նկատեց, որ մամուլը չափազանցնում է Հայաստանի անկախության կորստի չափը ԵԱՏՄ-ին անդամակցման շրջանակում, ըստ նրա՝ մենք տալիս ենք ավելին, քան պահանջում են. «Մենք ենթարկվում ենք ոչ միայն այն ընդհանուր օրենքներին, որոնք պարտադիր են, այլ մեր անշնորհքության պատճառով երբեմն ավելին ենք տալիս, քան պահանջվում էր տալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում