Շիրակում վերկանգնվել է ևս մեկ խոնարհված եկեղեցի

Շիրակում վերկանգնվել է ևս մեկ խոնարհված եկեղեցի

Շիրակում վերկանգնվել է ևս մեկ խոնարհված եկեղեցի: Ախուրյան գետի ձախ ափին` ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա գտնվող Բանդիվան գյուղում վերականգնվել է գյուղի նախկին եկեղեցին: Բարերարների՝ Կարապետյան ընտանիքի կողմից եկեղեցին ոչ միայն վերականգնվել է` պահպանելով նախկին տեսքն, այլ նաև կառուցվել է զանգակատունը, տեղադրվել խաչքար, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում կբարեկարգվի նաև բակը: Հնարավորության սահմաններում օգտագործվել են նախկին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու քարերը: Գյուղի հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ 19-րդ դարի կառույցն ինչպես մյուս եկեղեցիները «նույն բախտին են արժանացել»՝ խորհրդային տարիներին ծառայել է որպես ամբար, ապա ուշադրության պակասի պատճառով անմխիթար վիճակում են հայտնվել: «Կարևոր է, որ յուրաքանչյուր համայնք ունենա իր եկեղեցին: Հուսանք՝ այս բարեգործությունը վարակիչ կլինի և՛ մյուս համայնքներում ևս կա՛մ նոր եկեղեցիներ կկառուցվեն, կա՛մ կվերականգնվեն հները»,- նշեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:

Եկեղեցու ամրացման համար եկեղեցու նախկին կառույցին ավելացվել են նորերը՝ զանգակատունն ու խաչքարը, որոնք ոչ միայն ամբողջացնում են եկեղեցու տեսքն, այլ նաև ապահովում սեյսմակայունությունը:

Սեպտեմբերի 17-ին ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդի Միքայել սրբազանի կատարվեց եկեղեցու խաչի ու զանգի օրհնության ու օծման արարողությունը, այնուհետ աղոթքով ու բանդիվանցիների ծափողջույնների ներքո դրանք տեղադրվեցին: Բակի բարեկարգման աշխատանքներից հետո՝ հոկտեմբերին կօծվի եկեղեցին եւ կմատուցվի պատարագ:

Եկեղեցու վերականգնումը տոն է բանդիվանցու համար, բայց ամենաշատ ուրախացողը գյուղի տարեցն էր ՝ Արտուշ Դավթյանը, ում պապերն էլ կառուցել են այս եկեղեցին՝ եղբայրներով՝ գաղթելով Կարսից: «1875 թվականին պապերս եկել են այս գյուղ ու առաջինն ինչ կառուցել են եղել է եկեղեցին: Հետո դարձավ պահեստ ու կամաց-կամաց քանդվեց, ապրե՛ն այն մարդիկ, ովքեր վերականգնեցին եկեղեցին: Հայն առանց եկեղեցի գոյություն չունի»,-նշեց Արտուշ պապը:

«Մեզ համար այսօր մեծ ուրախություն է, որ աշխատանքը եկավ հասավ, որ խաչն ու զանգը օծվեն, ուրախության մեջ ենք, քանի որ այս տարվա մեջ բանդիվանցիների տարիների երազանքն իրականություն դարձավ՝ Բանդիվանի անշուք, խեղճ ու կրակ, մեր ու ձեր կողմից լքված եկեղեցին հիմա արդեն հրաշալի տեսք ունի: Տներ, անասնագոմեր, մանկապարտեզներ ու այլ կառույցներ կկառուցվեն ու կքանդվեն, իսկ եկեղեցին մնայուն արժեք է»,- նշեց թեմակալ առաջնորդը:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում