ՀՀԿ-ը «սարքովի» ընդդիմության վրա ավելի շատ փող է ծախսում, քան իր. Արամ Մանուկյան (տեսանյութ)

Արդեն կայացած ՏԻՄ ընտրություններին ամենամեծ արդյունքը ՀԱԿ-ը ցույց է տվել Արարատում՝ կուսակցությունը ներկայացնող ավագանին ավելի քան 1000 ձայն է հավաքել և հաղթել: Առաջիկայում ՀԱԿ-ը պատրաստվում է մեծ համայնքներում կայանալիք ընտրություններին՝ Աշոցք, Վանաձոր, Գյումրի, Ախթալա, Մարալիկ, Վայք և այլն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Իշխանությունը շատ թուլացած է, հակառակ դեպքում՝ 4+4 ձևաչափը չէր կայանա և չէր ստորագրվի այն, ինչ այս պահին ունենք: Իշխանությունները, իսկապես, թուլացած են և նորմալ ընտրություններ անցկացնելու հարցում մեր կողքին կանգնած են միջազգային կառույցները՝ ԵՄ, դեսպաններ, քաղաքացիական խմբեր: Ստորագրված ցուցակների հրապարակումը մեր 15 տարվա պայքարի արդյունքն է: Կրկնում եմ՝ իշխանությունները կամավոր չեն եկել դրան, մենք ստիպել ենք, որ նրանք այդ կետը ստորագրեն, քանի որ հասարակական, քաղաքական, միջազգային հզոր աջակցություն ենք ունեցել: Տեսախցիկների տեղադրումը, արձանագրված ամբողջ նյութը դատարաններ տալու հնարավորությունը և քրեական հոդվածների խստացումը հույս են ներշնչում, որ նորմալին մոտ ընտրություններ կլինեն: Իշխանությունները կփորձեն կեղծիքներ անել, բայց դաշտը կեղծիքների այլևս այն չի լինի. առնվազն 600.000 ձայնով դրա հնարավորությունը պակասում է»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս համատեքստում շարունակեց՝ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին և ավելի ակտիվ են լինելու:

«Այսօր և խորհրդարանական ընտրություններին լինելու են կեղծ ընդդիմություններ, որոնք իշխանության դրածներն են և ավելի շատ փող են ծախսում նրանց, քան «Հանրապետականի» վրա, որովհետև իշխանության խնդիրը ՀԱԿ-ի ձայները փախցնելն է, ընդդիմադիրների ձայները փախցնելն է: Դուք ինձ չեք համոզի, որ 11 կուսակցություն Գյումրիում ընդդիմադիր են: Չեք համոզի. արհեստական, կեղծ, մի քանի ամսվա ընթացքում սարքած ընդդիմադիր քաղաքական ուժեր են»,- ասաց նա՝ պնդելով, որ  նպատակն ընդդիմադիր դաշտը մասնատելն է, որպեսզի մարդիկ չհասկանան՝ ով է իսկական ընդդիմադիրը:

Հակադարձմանը՝  ըստ Ձեզ ՀԱԿ-ը նույն ՀԱ՞Կ-ն է, ինչ 2008 թվականին, նախկինում «թեժ» աշուն էիք խոստանում, «հուժկու» հանրահավաքներ, Արամ Մանուկյանը պատասխանեց, թե  նույնն է գաղափարի, սկզբունքների, թիրախի առումով: Իսկ ինչ վերաբերում է ընտրազանգվածի պակասելուն, պատճառն այն է, որ ավելի շատ արտագաղթում է իրենց ընտրազանգվածը, որովհետև իրենց շարքում գործազրկությունը կազմում է 99 տոկոս. այսօր Հայաստանում աշխատողների մեծ մասը պետական չինովնիկներ են, որոնք ՀՀԿ-ից են:

Արամ Մանուկյանը հարկ համարեց ընդգծել՝ իրենց համար ընդունելի է խաղաղ իշխանափոխությունը. «Ոչ խաղաղ իշխանափոխության գնում են այն ազգերը, որոնք չունեն այդ ռեսուրսը, մենք ունենք դա: Մենք մեզ համարում ենք այլընտրանք այս իշխանություններին, մենք կածում ենք, որ միայն մենք կարող ենք այս իշխանություններից ազատվել և այդ ամենը կանենք խելոք, կազմակերպված ձևով»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում