Ոստիկանությունից հիշեցնում են. Անձնագրի ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար

ՀՀ ոստիկանությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով: Ընտրողը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով ընտրությանը չի կարող մասնակցել:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:

Եթե քաղաքացին քվեարկության օրը չի կարող ներկայացնել անձնագիր՝ այն կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու պատճառով, կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ ժամանակավորապես տրվող՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար:
Քաղաքացին դիմումը պետք է ներկայացնի անձամբ:

Դիմումի հետ ներկայացվում է 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար:
Ժամանակավորապես տրվող’ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար պետական տուրք չի գանձվում: Այն տրվում է դիմում ներկայացնելուց հետո անմիջապես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում