«Իսկանդերը» մեր հրամանատարության ներքո է. այն գործի դնելու անձնակազմն արդեն պատրաստված է. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀ Անկախության 25-ամյակի առիթով երևանյան զորահանդեսը, մասնավորապես, «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ցուցադրումը մեծ աղմուկ առաջացրեց ոչ միայն Ադրբեջանում, այլև կարելի է ասել ամբողջ աշխարհում: Եվ դրանից հետո Ադրբեջանը շատ ակտիվ սկսեց ապացուցել, որ ինքը հետ չի մնում սպառազինության մրցավազքում ու սկսեց հրապարակել ինչ-որ գործարքների, գնումների մասին հայտարարություններ, հրթիռա-հրետանային զորքերի հապճեպ զորավարժություն անցկացրեց, ընդ որում՝ վերջինին վերագրվող հրապարակված լուսանկարներից մեկը 2014-ի զորավարժություններից էր:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ նկատելով, որ ոչ մի սպառազինության գնում ընդմիշտ իրավիճակը չի փոխելու հօգուտ մեզ, այսինքն՝ ինչ-որ քայլ անենք և 100 տարի չմտածենք Ադրբեջանի և Թուրքիայի մասին:
«Մրցակցություն, ուժերի հավասարակշռությունը խախտելու փորձեր միշտ էլ լինելու են: Ըստ այդմ՝ մենք միշտ պատրաստ պիտի լինենք և ձեռնարկենք նորանոր քայլեր»,-շեշտեց փորձագետը՝ հավելելով, որ անցած տարի Ադրբեջանի կողմից ցուցադրված ռուսական սպառազինության պայմանագրերը շատ ավելի վաղ էին կնքվել, իսկ սպառազինություն ադրբեջանական կողմը գնում է նաև Իսրայելից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից:
Այստեղ փորձագետը նկատում է, որ գնման մասին մտադրությունն անգամ Ադրբեջանն օգտագործում է որպես քարոզչություն, իսկ վերջին օրերին այն, ինչպես նշվեց, ակտիվացավ կապված ՀՀ-ի կողմից «Իսկանդերի» ձեռքբերման հետ:
«Հայտարարեցին հարվածային անօդաչու սարքերի արտադրության մասին, բայց իրականում դրանք իսրայելական են, ադրբեջանա-իսրայելական համատեղ գործարանում պատրաստվում են արտադրել, սակայն դեռ փորձարկումներն արված չեն: Նույն պատկերն է ՌԴ-ի հետ հրթիռների արտադրության հետ կապված, որոնք «Իսկանդերի» հետ համեմատելի չեն, խոսքն ինքնաթիռներից արձակվող հրթիռների մասին է, բնականաբար, ավելի փոքր հզորությամբ: Ի դեպ, ռուսական կողմը դեռ ոչ մի հայտարարություն չի արել: Դա ընդամենը հուշագիր է, որը թե ինչ կդառնա, չենք կարող ասել՝ հաշվի առնելով, որ 7-8 տարի է «Կալաշնիկովի» գործարան են բացում, բայց դեռ չի գործարկվում: Պետք է հասկանալ, որ ցանկացած գործարք կարող է փոփոխվել»,-հայտնեց Վրթանեսյանը:
Անդրադառնալով «Իսկանդերի» շուրջ հայաստանյան քննարկումներին և պնդումներին, փորձագետը շեշտեց՝ «Իսկանդեր» ունենալը կարևոր ձեռքբերում է համարում, այլ հարց է, որ այն ունիվերսալ գործիք չէ և չի լուծելու դիրքապահի ապահովության խնդիրը:
«Ասում էին նաև, թե Ռուսաստանն է կառավարում, ինչ-որ կոդեր կան, նման բան չկա: Դրանք ֆիլմերից եկած պատկերացումներ են, ընդ որում, միջուկային զենքի մասին, թե կոճակ կա, որը կոդով պետք է գործի դնել: «Իսկանդերն» այդպես չի աշխատում, ավելին՝ արդեն իսկ կա պատրաստված հայկական անձնակազմ: Այդ սպառազինությունը, որն ունենք, մեր ձեռքում է և մեր հրամանատարության ներքո: Հ1-ով նույնիսկ ռեպորտաժ եղավ, որտեղ ասվեց, որ ապրիլյան գործողությունների ժամանակ բերվել են կրակային դիրքեր: Իմ ենթադրությամբ՝ դա եղել է Ստեփանակերտին հարվածելու ադրբեջանական սպառնալիքներից հետո»:
Ըստ Razm.info մասնագիտացված կայքի համակարգողի, «Իսկանդերով» կարող ենք ոչնչացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտները՝ օդանավակայան, հրամանատարական կետ, զորքի կուտակումներ. «Նույն «Սմերչի» մարտկոցներն «Իսկանդերը» կարող է ոչնչացնել»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական բյուջեին, ապա ըստ Վրթանեսյանի, Ադրբեջանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի ռազմական ոլորտում, ինչը ստիպել է կրճատվել պայմանագրայինների թիվը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում