Ս.Սարգսյանը՝ Գավառի երիտասարդներին. «Գալիք երկուշաբթին ձեր ուսերին մեծագույն պատասխանատվություն է դնելու»

Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Գավառ քաղաքում, որտեղ հանդես է եկել ելույթով: Times.am-ը ներկայացնում է գործող նախագահի ելույթն ամբողջությամբ.

«Նախ, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս Տյառնընդառաջի առթիվ։ Սա լուսավոր տոն է՝ մանավանդ մեր նորապսակների և երիտասարդների համար։ Գիտեմ, որ Տրնդեզը Գավառում ավանդաբար նշվում է առանձնահատուկ շուքով։ Ուրախ եմ, որ այսօր ներկա եմ համաժողովրդական այս տոնախմբությանը։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Չեմ կասկածում, որ Տրնդեզի առթիվ բացվելու են առատ սեղաններ, և Գավառում այսօր իշխելու է բարձր տրամադրությունը։

Նախընտրական այս օրերին ես հանդիպել և շարունակում եմ հանդիպել մեր երկրի գյուղերի և քաղաքների բնակիչների հետ, մեր հայրենակիցների հետ: Շատ բաների մասին եմ խոսել այս օրերին, շատ հարցերի եմ պատասխանել, բազմաթիվ մաղթանքներ ու ցանկություններ եմ լսել: Այսօր՝ այս գեղեցիկ տոնին, իմ խոսքը պիտի ուղղեմ հատկապես երիտասարդներին, ի դեմս Գավառի երիտասարդության՝ Հայաստանի բոլոր պատանիներին և աղջիկներին:

Սիրելի՛ երիտասարդներ,

Դիմում եմ ձեզ, որովհետև ձեզնից շատերը ընդամենը հաշված օրեր անց ընտրելու են իրենց երկրի Նախագահին: Եվ բանն այն է, որ այս ընտրությունները մյուսներից առավել կարևոր են հենց ձեզ համար: Եվ գիտե՞ք ինչու: Մի քանի օրից դուք կմտնեք քվեարկության խցիկ. և երբ գրչի մի հարվածով կկատարեք ձեր ընտրությունը, իմացե՛ք, որ ձեր կատարած ընտրությունը կերտելու է այնպիսի երկիր, որում պիտի ապրեք ինքներդ՝ տարիներ ու տասնամյակներ: Գրչի ձեր հարվածով ինքներդ պիտի ապագա ընտրեք ձեզ համար և մեր բոլորի համար:

Այո՛, գալիք երկուշաբթին ձեր ուսերին մեծագույն պատասխանատվություն է դնելու: Պատասխանատվություն՝ սեփական ապագայի համար: Դժվա՞ր է: Սակայն սա է ճշմարտությունը: Մեծ խնդիրների՝ տնտեսության ու աշխատանքի, հարկերի ու կրթության, պատերազմի ու խաղաղության մասին բոլոր որոշումները, որ կայացնում ենք մենք՝ որպես պետություն, որպես երկիր, որպես ազգ, ահա այս բոլոր որոշումները ամենաանմիջական, ամենաուղղակի կերպով ազդելու են ձեր կյանքի վրա: Եվ ուզում եմ, որ իմանաք՝ ես միշտ հիշում եմ այս մասին այն պահերին, երբ կայացնում եմ նման որոշումներ: Որովհետև դրանք որոշումներ են, որոնք ազդելու են նաև իմ Մարիամի, իմ Արայի, իմ Սերժի՝ իմ թոռների ճակատագրերի վրա:

Այսպես է եղել և լինելու է միշտ՝ մի սերունդը որոշումներ է կայացնում գալիք սերնդի համար: Բայց արի ու տես, որ հենց ձեր սերնդին, սիրելի՛ երիտասարդներ, ձե՛ր սերնդին է վիճակված ընտրել երկրի համար ճակատագրական ուղին: Իմ սերունդը ավելի քան երկու տասնամյակ առաջ կայացրեց իր ընտրությունը: Պայքարեց իր ընտրած ճանապարհով ընթանալու իր իրավունքի համար: Վճարեց արյամբ ու քրտինքով: Անկախ Հայաստան կերտեց իր ընտրությամբ ու պաշտպանեց իր ընտրությունը դաժան մարտերում ու հոգնատանջ օրերում: Կրելով բոլոր զրկանքներն ու վշտերը, որ կարող են բաժին հասնել իր ընտրած պատվաբեր, բայց դժվարին ճանապարհով ընթացող մարդուն: Վայելելով ողջ հպարտությունն ու երջանկությունը, որ հասու է միայն իր ընտրած ուղու ճշմարտացիությանը հավատող, վստահ ճամփորդին: Ահա, եկել է և ձեր սերնդի՝ ընտրություն կատարելու ժամանակը: Եվ հավատացեք, ընտրությունն այդ նույնքան կարևոր է, որքան շուրջ երկու տասնամյակ առաջ: Ձեր ընտրությունն է որոշելու, թե ուր է շարժվելու մեր երկիրն այս պահից սկսած: Ուզում եմ հավաստիացնել, որ եթե վստահեք իմ ու ձեր ուխտին, ապա կշարունակեմ անել ամեն հնարավորը, որ դուք լավ կրթություն ստանաք, մասնագիտություն ձեռք բերեք և լավ վարձատրվող աշխատանք գտնեք, ոչ թե օտար ափերում, այլ այստեղ՝ ձեր հողում, ձեր ընտանիքների կողքին:

Ուզում եմ խնդրել, սիրելի՛ երիտասարդներ, որ մեր երկրի համար ձեր ճակատագրական ընտրությունը կատարելուց առաջ պատասխանեք մի քանի կարևոր հարցերի:

Ցանկանու՞մ եք արդյոք ձեր արդար վաստակով ձեր սեփական բնակարանը գնելու հնարավորություն ունենալ, ձեր դժվար օրերին կամ վատառողջ ժամին թիկունքում զգալ պետության օգնող ձեռքը, դեռ մի բան էլ կենսաթոշակ կուտակել՝ հանգստի անցնելու տարիներն ապահով վայելելու համար:

Ցանկանու՞մ եք արդյոք ավելի որակյալ կրթություն և դրա դիմաց վճարելու հնարավորություն ունենալ: Ցանկանու՞մ եք արդյոք, որ ձեր ուսմանը հաջորդի աշխատանքը՝ ձեր մասնագիտությամբ:

Ուզու՞մ եք, որ մեր երկրում արդարությունը դառնա անշրջելի: Ուզու՞մ եք սեր պարգևել ու հարգանք վայելել: Ուզու՞մ եք ժպիտ տեսնել անցորդների դեմքերին: Բաց սրտով ողջունել հայրենակցին երկրի ցանկացած անկյունում: Ձեռք մեկնել ոչ թե մյուսներին ի ցույց, այլ որովհետև չբարևել չեք կարող:

Ուզու՞մ եք արդյոք ապրել խաղաղ երկրում, անվտանգ տարածաշրջանում: Ուզու՞մ եք, որ ձեր բանակը լինի կարգապահ, ապահով ու մարտունակ: Ուզու՞մ եք ապրել ողջ աշխարհին հաղորդակից: Աշխարհի հետ խոսել իր լեզվով: Հավասարի պես:

Կամենու՞մ եք, որ այս երկիրը տարածաշրջանում ոչ միայն ամենակարգապահ ու ամենամարտունակ բանակն ունենա, այլև ամենախորաթափանց ու ամենահեղինակավոր դիվանագետները: Մնա հուսալի գործընկեր: Դառնա հզոր դաշնակից: Կուզենա՞ք, որ «հայ» բառն օտարերկրացու շուրթերում հնչի ակնածանքով: Որ թշնամու շուրթերը դողան այդ բառը լսելիս անգամ:

Ցանկանու՞մ եք, որ ձեր ազգակիցը, աշխարհի որ անկյունում էլ լինի, ուժ առնի հենց միայն ձեր հպարտ ու զրնգուն հայերեն խոսքից: Ցանկանու՞մ եք ի զորու լինել օգնության հասնելու ձեր ազգակցին աշխարհի ցանկացած անկյունում: Կուզենա՞ք մարդ, քաղաքացի ու հայ լինել այնպես, ինչպես հենց դուք եք ուզում: Որտեղ էլ որ ծնված լինեք, ինչ կարգավիճակ էլ ունենաք, ինչին էլ հավատաք կամ չհավատաք:

Ահա սրանք են երկրի ճակատագիրը որոշող կարևորագույն հարցերն այսօր: Այս հարցերի պատասխանների փնտրտուքներում, դրանց պատասխանելու բեռի տակ են անցել վերջին հինգ տարիները: Դրանց շուրջ է պտտվում այս ընտրարշավը: Ոչ թե քվեարկության օրվա ժամկետների, շոուների ու կոկորդ պատռելու շուրջ: Եվ ես այսօր մասնակցում եմ այս ընտրապայքարին միայն մեկ պատճառով: Որպեսզի դուք, սիրելի՛ երիտասարդներ, նաև դուք, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, ազատ կամքով, գլուխներդ բարձր, ազնիվ սրտով ու արժանապատվությամբ կարողանաք ինքներդ պատասխանել դրանց: Նայեք ձեր պատասխանների աչքերի մեջ ու ժպտաք՝ տեսնելով, որ ապագան ժպտում է ձեզ ձեր պատասխաններում: Մեկդ մյուսին հարցեր առաջադրեք ու պատասխանեք իրար, միասին գրեք ձեր ապագայի գիրքը: Մեր ընդհանուր ապագայի գիրքը: Նոր Հայաստանի գալիքը, որ մի օր պիտի ապահով ու հպարտ երկրի պատմություն դառնա:

Մեր ու մեր զավակների երկիրը: Ապահով Հայաստանը:

Ուրեմն, առա՛ջ, սիրելի երիտասարդներ, սիրելի գավառցիներ, դեպի ապահով Հայաստան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում