Անհատ տաքսու վարորդները բողոքի էին դուրս եկել Հանրապետության հրապարակում

Այսօր Հանրապետության հրապարակում բողոքի էին դուրս եկել անհատ տաքսու վարորդները: Նրանք կառավարությունից պահանջում են վերանայել օրենքը՝ ըստ որի նրանք պետք է անցնեն հարկային նոր ռեժիմի։ Տաքսիստները պահանջում են հաստատագրված վճար սահմանել և սահմանափակվել դրանով, բացի այդ’ պահանջում են մայթերից հանել մեքենաններ չկայանելու մասին նշանները, փոխանցում է Panorama.am-ը:

«Եթե ուղևորի պահանջով տվյալ հատվածում կայանենք, ապա անմիջապես տուգանվում ենք, քանի որ խախտումը անմիջապես ֆիքսում է տարածքում տեղադրված տեսախցիկը»,- բողոքում էին վարորդները:

«Մենք ուզում ենք ապրել, բայց ի՞նչ ապրել: Մի փոր հացով ընտանիք ենք պահում, աշխատածը պետությանն ենք տալիս, բայց պետությունը մեր համար ոչ մի բան չի անում: Ուզում ենք աշխատել, թողեք աշխատենք էլի»,- վրդովված նշեց տաքսիստ Գևորգ Գևորգյանը:

Ըստ նրա՝ հունվարի 1-ից գործող եկամտային հարկի և արտոնագրային հարկի շնորհիվ տաքսիների հարկերն ավելացել են: Մասնավորապես, բարձրացել են դեղին համարանիշի ու ապահովագրության վճարները: «Դեղին համարներ ասեցին՝ հանեցինք, բայց հիմա դրանց համար ամսական 15 հազար ենք մուծում՝ նախկինում 5 հազար դրամի փոխարեն»,- ասաց Գ.Գևորգյանը՝ հավելելով, որ ԱՊՊԱ-ի համար դեղին պետհամարանիշով տաքսիների վճարը սպիտակ համարներից մոտ 40%-ով բարձր է: «Այն էլ մուծում ենք եռամսյակը մեկ, իսկ վթարի դեպքում էլ ապահովագրական ընկերությունը 21 օրվա ընթացքում է գումար տալիս և 21 օր մնում ենք առանց աշխատանքի: Էս ի՞նչ են մեր հետ անում, էսօր սպիտակ համարանիշով իրենց անձնական մեքենաները տաքսու տակ քշում են ու մեզանից էլ շատ եկամուտ ստանում, ոչ էլ հարկ են մուծում, իսկ մենք հարկերի տակ ենք»,- նշեց նա:

Նշենք, որ վարորդների հետ բանակցելու էր եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարը խոստացել է, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո նրանց խնդիրներին լուծում կտրվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում