«Ես բողոքս հետ չեմ վերցրել, որևէ մեկի հետ չեմ բանակցել ու պահանջում եմ արդարադատություն». Վանաձորի Ավետարանական եկեղեցու հովիվ
Նմանատիպ
Այսօր առավոտյան Tert.am-ի խմբագրություն զանգահարած Վանաձորի ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանը, որը մոտ մեկ շաբաթ առաջ բռնության է ենթարկվել «Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի կողմից, տարակուսանք հայտնեց այսօր «Ժամանակ» օրաթերթում իր մասին հրապարակված տեղեկության առթիվ, թե իբր ինքը հետ է վերցել բողոքը՝ իշխանության հորդորով:
«Նման բան տեղի չի ունեցել: Դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի, ես բողոքը հետ չեմ վերցրել, ինձ հետ այդպիսի բանակցություն չի գնացել, նման զրույց իշխանության որևէ ներկայացուցիչ ինձ հետ չի ունեցել, և ես պահանջում եմ արդարադատություն: Ես պահանջում եմ, որ արդարադատություն լինի ու մեղավորը պատժվի օրենքին համապատասխան: Խնդրում եմ լրատվամիջոցները մինչև իմ մասին տեղեկություն հրապարակելը հարցնեն ինձ»,- ասաց հոգևոր հովիվը:
Նշենք, որ չնայած հարուցված քրգործին, ՀԿՎ ավագանի, 66-ամյա հոգևոր հովվին ծեծի ենթարկած Արկադի Փելեշյանը գործով մինչ այժմ անցնում է ոչ թե որպես մեղադրյալ, այլ կասկածյալ:
«Ես հարցրել եմ, ինձ ասել են հարցաքննությունները դեռ չեն ավարտվել, դա է պատճառը, որ մեղադրանք չի առաջադրվում»,- ասաց Գրիգորյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում