Ուկրաինայի ՀԿ-ները մտահոգված են Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող սպառնալիքներից

Ուկրաինայի հասարակական կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնել այն կապակցությամբ, որ Բաքվի կողմից հնչող սպառնալիքները առավել հաճախակի են դարձել:

«Analitika.at.ua» պորտալի հաղորդմամբ՝ «Նառոդնա ռադա» կազմակերպությունը, որը միավորում է Ուկրաինայի շուրջ 4.500 ՀԿ-ների, դիմել է ԵԱՀԿ-ին՝ կոչ անելով միջոցառումներ ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականության դեմ։

«Վերջին օրերին պաշտոնական Բաքվի, ադրբեջանական լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից հաճախակի են դարձել սադրիչ հայտարարությունները՝ Ստեփանակերտի միջազգային օդանավակայանի հետ կապված։ Հայտարարություններում հնչում են տարածքային սպառնալիքներ՝ քաղաքացիական ինքնաթիռները ռազմական ճանապարհով իջեցնելու վերաբերյալ։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ դա դեմ է միջազգային օրենքներին:

Չի կարող անհանգստություն չառաջացնել պաշտոնական Բաքվի անհիմն այն հայտարարությունը, թե Ադրբեջանի ՀՕՊ-ը հրաման է ստացել հարվածել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռները:

Նշենք, որ այն միակ օդանավակայանն է Արցախում, որի գործարկումը նշանակալի ազդեցություն կունենա սոցիալ-տնտեսական զարգացման վրա, և այն հետապնդում է միայն հումանիտար նպատակներ»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Կազմակերպությունները կոչ են արել ԵԱՀԿ-ին ուշադրություն հրավիրել այդ փաստերի վրա և Ադրբեջանի իշխանություններին հորդորել զերծ մնալ ողբերգական հետևանքներ ունեցող գործողություններից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում