ՀՀ ներկայացուցչի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալը հոգեբանական ազդեցություն կունենա մեր որոշ հարևանների վրա (տեսանյութ)

ՀՀ ներկայացուցչի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալը հոգեբանական ազդեցություն կունենա մեր որոշ հարևանների վրա (տեսանյութ)

Ամերիկան մարտավարական առումով Մերձավոր Արևելքում իր խնդիրը գուցե լուծեց, բայց ռազմավարական առումով պայքարը տանուլ տվեց: Այս մասին Times.am-ի հետ զրույցում նկատեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

-Թեպետ Սիրիայի ճակատագրի հարցը դեռևս լուծված չէ, բայց ներկա դրությամբ կարելի է ասել, որ մարտավարական առումով Մերձավոր Արևելքում իր խնդիրը լուծեց ԱՄՆ-ը՝ կարողանալով ստեղծել քաոսային և անկայուն իրավիճակ, որն առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

Սակայն հեռահար՝ ռազմավարական առումով ԱՄՆ-ը տանուլ է տալիս պայքարը, քանի որ սրա արդյունքում Չինաստանը և Ռուսաստանը դարձան աշխարհաքաղաքական խաղացողներ, որոնք իրենց խնդիրներն են փորձում լուծել տարածաշրջանում: Այսինքն՝ Ռուսաստանը դարձավ գեոպոլիտիկ խաղացող, ինչպիսին վերջին անգամ տեսել էինք վրացական պատերազմի ժամանակ. Ռուսաստանի շնորհիվ շուրջ 800 սիրիական բնակավայր միացավ հրադադարի պայմանագրին:

Ի դեպ, դարձյալ ռուսական գործոնը դեր խաղաց, որ ԱՄՆ պետքարտուղար Քերին դեմ չէ Ասադի մասնակցությանն առաջիկա ընտրություններին: Այսինքն՝ Ռուսաստանը ստիպեց հարգել սիրիական պետության գոյությունը, իսկ առանց Ասադի պետություն չկա:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո Ռուսաստանն անընդհատ պնդում էր, թե Թուրքիան նավթային գործարքի մեջ է ԻՊ-ի հետ, որ վերջինի գողացած նավթը Թուրքիայի միջոցով է հասնում Եվրոպա, բայց մերձեցումից հետո մի տեսակ մոռացավ այս մասին:

-Ռուսական ներկա իշխանությունները շատ քիչ բան են մոռանում, բայց փորձում են ոչ մի բան անհակադարձելի չանել՝ հասկանալով, որ բազմակենտրոն պատերազմ է գնում, որտեղ պետք է բավական ճկուն լինել: Չեմ կարծում, որ մոռացել են:

Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում կընտրեն ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար, որը դառնալու է Հայաստանի ներկայացուցիչը: Սա մեզ ի՞նչ է տալու, երբ դարձյալ պետք է առաջնորդվել ընդունված կանոնադրությամբ:

-Իրականության մեջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կատարում է անդամ-պետությունների կամքը, բայց Հայաստանի ներկայացուցչի ընտրվելու փաստը հոգեբանական և տեղեկատվական ազդեցություն է ունենալու մեր որոշ հարևանների վրա: Միայն այդ գործոնը հաշվի առնելով սա դրական եմ գնահատում:

Ռուսաստանը դեռ մեծ ցանկություն ունի՞ Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ի կազմում:

-Ինձ թվում է, որ դեմ չի, որովհետև դրանով Ռուսաստանը կփորձի իր ազդեցության տակ պահել Ադրբեջանին: Ավելին, 19-րդ դարից ռուսական կայսրությունն այդ տարածքները միշտ իր վերահսկողության տակ է պահել, նույնը ԽՍՀՄ-ի ժամանակ: Երկրորդ՝ նման գաղափարները նրանք չեն բացառում՝ հաշվի առնելով նաև ՌԴ-ում ադրբեջանական լոբբինգը:

Այսինքն՝ մեր ռազմավարական դաշնակցին բացարձակ չի հետաքրքրում մեր շահն այս դեպքում:

 -Խոշոր պետությունները միշտ պատրաստ են իրենց շահի համար զիջել ամեն բան: Նույնն ԱՄՆ-ի դեպքում է. Իսրայելը թվում է թե հարազատ դաշնակիցն է, բայց Իրանի հետ միջուկային պայմանագիր կնքեց, պատժամիջոցները հանեց: Բայց դատելով այն քայլերից, որն անում է Ռուսաստանը Սիրիայում և Հայաստանում, երբ մեզ «Իսկանդեր» տվեցին, հասկանում ենք, որ նրանց համար Ադրբեջանը, ի վերջո, կորած տեղ է, քանի Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ: Այսինքն՝ Ռուսաստանը փորձում է միատարր դաշինք ունենալ:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում