Վարչապետը պետք է իմանա, որ կարող է չհաջողել. կխանգարեն և կասեն՝ տեսար, որ չստացվեց (տեսանյութ)

Վարչապետը պետք է իմանա, որ կարող է չհաջողել. կխանգարեն և կասեն՝ տեսար, որ չստացվեց (տեսանյութ)

Նոր կառավարության աշխատանքը գնահատելու համար պետք է սպասել գոնե 100 օր. եթե ինչ-որ բան փոխվեց, ապա դա կբերի նոր իրողության: Ի վերջո, պետք է հասկանալ ՝ հները, որոնք հեռացվեցին, հաշտվելու՞ են այդ մտքի հետ: Իսկ այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևոր տեղերում նշանակումներ է կատարում «ՀայՌուսգազարդից», նորմալ է. բերում է նրանց, ում վստահում է: Այս մասին Times.amի հետ զրույցում նկատեց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը:

-Ինքը կամիկաձե է, այսինքն՝ նոր վարչապետը, որ գալիս է այսօրվա պայմաններում աշխատելու, պետք է իմանա՝ կարող է մեծագույն անհաջողության հասնել, որովհետև եթե իրեն խանգարեն, իր ուզածը չարվի, ապա 6 ամիս հետո ասելու են՝ տեսար, որ չստացվեց, չեն ասելու՝ չթողեցինք, որ դուք այդ ամենն անեք: Դրա համար ինքը հիմա պետք է ընտրի այն մարդկանց, ում վստահում է իրականում, դա նորմալ եմ համարում: 

Այլ հարց է, թե ինչ արդյունք կտա նրանց աշխատանքը: Այս պարագայում շատ կարևոր է՝ արդյո՞ք իրենք միասնական մոտեցում ունեն փոփոխությունների նկատմամբ: Պատահական չէ, որ ասում եմ՝ դեկտեմբերին դեռ պետք է հասկանանք, թե իրականում ինչ-որ բան փոխվում է, թե՞ ոչ: Եթե փոխվում է, դա կբերի մի նոր իրողության:
Պետք է հասկանալ նաև այն հները, որոնք հեռացվեցին, արդյո՞ք հաշտվելու են իրենց կարգավիճակի հետ, թե՞ ոչ: Այսինքն՝ խնդիրն այստեղ շատ կարևոր է՝ որքան է միասնական լինելու իշխանությունը, եթե իսկապես գնում է բարեփոխումների ճանապարհով:

Մեր կուսակցությունը համարյա բոլոր վարչապետներին ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ: Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին 2 տարի առաջ, երբ դեռ մեկ ամիս էր աշխատում, ներկայացրել եմ մեր փաթեթը, ասեց՝ Սարգսյան ջան ամեն ինչի հետ համաձայն եմ, պատասխանեցի՝ դե լավ է, որ համաձայն եք: Բայց այդպես էլ մնաց և որևէ բան չփոխվեց, ավելին՝ պետական պարտքն ավելի շատացավ:

Հիմա նորից լուրջ փաթեթ ենք ներկայացրել՝ միայն 21 կոնկրետ առաջարկ: Մենք առաջին հերթին առաջարկել ենք գույքագրում անել՝ հասկանալու, թե ինչ է մնացել, որի վրա կարելի է ինչ-որ բան կառուցել: Եթե չգիտեք տանն ինչ ունեք՝ չեք կարող ոչինչ ավելացնել կամ պակասեցնել:

Երկրորդ՝ առաջարկում ենք ամբողջովին փոխել վարկային քաղաքականությունը, քանի որ ժողովրդի 90 տոկոսը տքնում է վարկերի բեռի տակ, հատկապես գյուղական վայրերում: Առաջարկներ ենք արել նաև կրթության և առողջապահության վերաբերյալ, այսօր առողջապահության ոլորտում առկա իրավիճակը նույնպես պատճառ է, որ մարդիկ հեռանում են, քանի որ 1.5 միլիոն դրամ են պահանջում վիրահատության համար:

Երբ դեռ Հարկային նոր օրենսգիրքը չէր ընդունվել, կարծիք կար, որ այն փորձաքար է Կարեն Կարապետյանի համար, բայց այն ընդունվեց, որից տուժելու է փոքր ու միջին բիզնեսը: Փաստորեն փորձությունը չհաղթահարվե՞ց, թե դա այլ բացատրություն ունի:

-Քաղաքական փորձից ելնելով և քաղաքական օրենքներին ծանոթ լինելով կարող եմ ասել, որ այստեղ գլխավոր խնդիր կա. դուք կարող եք քայլեր անել, բայց եթե հանկարծ այդ տեմպը շատ արագացնեք, ոչինչի չեք հասնի, որովհետև դիմադրությունը միանգամից կմեծանա: Չպետք է մոռանալ, թե ինչ իրողությունում ենք մենք ապրում. եթե որևէ մեկին թվում է թե Սուրիկ Խաչատրյանը պիտի համակերպվի…

Այսինքն՝ հասկացել են, որ խոշորին միանգամից և կտրուկ չպետք է նեղել, այլապես…

-Եթե հիմա միանգամից այդպիսի քայլեր արվեն, դուք կարող եք ձեր սեփական «գլուխը կոտրել»: Դրա համար գոյություն ունի քայլերի առաջնայնություն և հետևողականություն, և եթե դա ընդհատվի, ամեն ինչ կավարտվի: Հաջողություն կլինի, եթե քայլ առ քայլ եք գնում դրան:

-Նախքան Կարեն Կարապետյանի պաշտոնական նշանակումը, ռուսական շրջանակներում խոսակցություններ եղան, թե նրան ընտրելը վարչապետի պաշտոնում կնպաստի ՀՀ-ում ռուսական կապիտալի, ներդրումների ավելացմանը՝ հաշվի առնելով նրա կապերը ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ:

-Կապիտալը ոչ հարազատի, ոչ էլ բարեկամի է նայում, փողը, բիզնեսը նայում է, թե ինչ պայմաններ կան՝ կարո՞ղ է շահ ստանալ, թե՞ ոչ: Հիմա եթե այդ պայմանները ձևավորվեն, ներդրումային քաղաքականությունը զարգանա…Մեր առաջարկներից մեկն էլ հենց սրան է վերաբերում՝ ստեղծեք պայմաններ, որ հատկապես Սփյուռքը ներդրումներ անի:

Այսօր Համահայկական բանկը ԿԲ-ի փողերով է աշխատում, մենք առաջարկում ենք հայկական կապիտալը ներգրավել համապատասխան պայմաններ ստեղծելով, այն է՝ այնտեղ շահույթը 3.5 տոկոս է, դարձրեք 4.4: Այսինքն՝ երաշխավորը դուք եղեք, որ ձեր կապիտալը պաշտպանված է լինելու, որ հայը համ հայրենասիրական գործ է անելու, համ շահույթ ունենալու:

Հայաստանի ներկայացուցչի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալն ի՞նչ է մեզ տալու, երբ կանոնադրություն չի փոխվելու, երբ կա Ղազախստան, որի նախագահն ամեն ինչ անում է, որ չնեղացնի Ադրբեջանին:

-Ոչ մի բան առանձնապես: Գիտեք, որ Նազարբաևը չի գալու, սա մեսիջ է իր «արյունակից ցեղերին»: Ինչ վերաբերում է մեր ներկայացուցչի ընտրությանը, Տիգրան Սարգսյանի ներկայությունը ԵԱՏՄ-ում ինչ-որ բան տալի՞ս է, չինովնիկ է պիտի աշխատի: Մյուս կողմից՝ եթե փորձառու և հայրենասեր մարդ լինի ՀՀ ներկայացուցիչը…

Չի բացառվում, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը լինի:

– Իր մասին ես մեծ կարծիք ունեմ, նա մեծ փորձ ունի այդ ասպարեզում աշխատելու:

-Իսկ Արա Աբրահամյանի ձևավորած քաղաքական ուժը վերջնական որոշում կայացրե՞լ է 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու:

-«Ազգային միասնություն» շարժումը գործում է, իսկ քաղաքական որոշում դեռ չի կայացվել:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում