Փետրվարի 17-ից կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց

Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարությամբ պայմանավորված՝ փետրվարի 17-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով:

Որպես այլընտրանք առաջարկվում է Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Հալաբյան փողոցներ, այնուհետև դեպի Կիևյան փողոց կամ Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությունը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով՝ Շինարարների փողոցից դեպի Հալաբյան փողոց երթևեկությունն Արզումանյան փողոցում կկազմակերպվի միակողմանի:

Թ.18 և 46 միկրոավտոբուսային, ինչպես նաև թ.28 ավտոբուսային երթուղիներն այս հատվածը ժամանակավորապես կանցնեն Հալաբյան, Էստոնական, այնուհետև Շինարարների փողոցներով:

«Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-նշում են քաղաքապետարանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում