Տ.Մարգարյան. «Իմ ընտրությունը կատարեցի նաև հանուն Երևանի»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը’ ընտանիքի անդամների հետ, ժամը 12-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկությանը:

Ինչպես հաղորդում են Երևանի Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ ընտրություն է կատարել քաղաքապետը, Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է.

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես կատարեցի իմ ընտրությունը հանուն Հայաստանի ապագայի: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր ոք ունի ապագայի իր տեսլականը, և այդ տեսանկյունից, որպես Երևանի քաղաքապետ, ես իմ ընտրությունը կատարեցի նաև հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, հանուն այն ծրագրերի շարունակականության, որոնք մենք կյանքի ենք կոչել ու հետևողականորեն շարունակելու ենք իրականացնել հանուն մեր պետության և ժողովրդի»։

Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների կողմից տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ մայրաքաղաքում ՀՀ Նախագահի ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում