Մի խումբ քաղաքացիներ նստացույց են սկսել հացադուլ անող Ա.Ղուկասյանի կողքին

Մի խումբ քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ նստացույց են սկսում՝ ի պաշտպանություն ԳԱԱ դիմաց հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի:

«Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը:

Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին:

Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին:

Որպես մեր դիրքորոշման արտահայտում կեղծ ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարում ենք նստացույց:

Նստացույցին փետրվարի 19-ին կհետևի ակցիա ԿԸՀ դիմաց, որով կարտահայտվի մեր վրդովմունքը՝ Հայաստանում չծնված ժողովրդավարության վախճանի կապակցությամբ:

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն ընդունում կեղծ ընտրությունները և դրա միջոցով վերարտադրվող ապօրինի ռեժիմը, կոչ ենք անում այսօր և վաղը հավաքվել Գիտությունների Ազգային Ակադեմիայի դիմաց»,- մասնավորապես ասվում է հայտարարությունում:

Նշենք, որ այսօր մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նախագահի թեկնածու Ա.Ղուկասյանը հայտնել էր, որ իր առողջական վիճակը, բավարար է, և որ հացադուլից պատրաստվում է դուրս գալ փետրվարի 19-ին՝ քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում