Վրաստանի կառավարությունում Սահակաշվիլիին որակել են որպես սնանկացած քաղաքական գործիչ

Միխեիլ Սահակաշվիլին, որը նոյեմբերի 7-ին հայտարարել է Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին, սնանկացած քաղաքական գործիչ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Վրաստանի հարկադիր վերաբնակների, փախստականների եւ նրանց տարաբնակեցման գործերի նախարար Սոզար Սուբարին:

«Սահակաշվիլին ինքը լավ գիտեր, որ Ուկրաինայում ինքը քաղաքական ապագա չունի, ուստի նա իր բոլոր հաշվարկները կառուցում էր Վրաստանի խորհրդարանի հոկտեմբերյան ընտրությունների արդյունքների վրա: Այժմ նա տեսավ, որ վերջնականապես սնանկացել է որպես քաղաքական գործիչ»,- ասել է Սուբարին թբիլիսյան «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սահակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը թողնելու մասին հայտարարել է նոյեմբերի 7-ին՝ իր որոշումը բացատրելով կոռուպցիայի դեմ պայքարի անհնարինությամբ այն պայմաններում, երբ դրան մեղսակից են պետության առաջին դեմքերը:

Ուկրաինայի կառավարությունում դեռեւս չեն ստացել պաշտոնաթողության վերաբերյալ Սահակաշվիլիի դիմումը: Սակայն, ինչպես հայտնել է հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Ստոլյարչուկը, «նախարարների կաբինետը պատրաստ է այն համաձայնեցնել», երբ այն ստացվի: Այնուհետեւ պաշտոնաթողությունը պետք է ընդունի նախագահը, բացառված չէ, որ այդ հրամանագիրը նա կստորագրի նոյեմբերի 9-ին, երբ վերադառնա Սլովակիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում