Բ.Սահակյանը՝ Ս.Սարգսյանին. «Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարին 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վերընտրված Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Ճանաչելով Ձեզ որպես մի մարդու, պետական ու քաղաքական գործչի, ում համար ժողովրդի շահերը վեր են ամեն ինչից, վստահ եմ, որ Ձեր բոլոր ջանքերը, կյանքի փորձը, գիտելիքներն ու հմտություններն ուղղելու եք հայոց պետականության զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, համազգային ծրագրերի իրականացման գործին:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում