Ր.Հովհաննիսյան. «Ես համարում եմ, որ հայ ժողովուրդը հաղթել է, ես հաղթել եմ ժողովրդի հետ»
Նմանատիպ
«Ես համարում եմ, որ հայ ժողովուրդը հաղթել է, ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ: Հաղթել եմ ժողովրդի հետ: Ոչ ոք մեր ձեռքից, մեր խղճից, մեր սահմանադրական իրավունքից չի վերցնելու այդ հաղթանակը»: Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների ձայների մոտ 37%-ը ստացած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ր.Հովհաննիսյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը պատմության գրքերում պետք է մնա այն նախագահը, ով ընդունեց ոչ թե իր հաղթանակը, կամ Րաֆֆիի պարտությունը, այլ ժողովրդի հաղթանակը. «Ես պահանջ ունեմ իրեն, եթե մինչև վաղը չպատասխանեց, ապա ես հայտարարություն կանեմ: Ով Սահմանդրության ներքո խոստովանի իր սխալը, ապա կնեղվի ոչ թե իմ, այլ ժողովրդի կողմից»:
Նախագահի թեկնածուն հայտնել է, որ որևէ ուժի հետ չի բանակցել, սակայն գտնում է, որ քաղաքական ուժերը պետք է գան ու մասնակցեն հանրային կառավարման գործին: Նրա խոսքով՝ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն արդեն նախագահ է ընտրվել. «Ես որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջում, բայց ով զգում է այդ պահանջը, կարող է անել»:
«Ժառանգություն» կուսակցության նախագահը հայտնել է, որ դեռ երեկ Սերժ Սարգսյանին կոչ է արել լինել ողնաշարով և իշխանությունը փոխանցել ՀՀ ժողովրդին. «Ես երեկ կոչ արեցի, որ նա դառնա առաջին նախագահը, լինի ողանաշարով՝ ընդունի ժողովրդի հաղթանակը։ Ցավոք, մինչև հիմա նա դա չկարողացավ անել։ Ուշ չէ, վաղը ժամը 17-ին այստեղ հանդիպում ենք համազգային հանրահավաքի և մինչ այդ ես առաջարկում եմ Սերժ Սարգսայնին հրապարակային կամ մասնավոր հանդիպումի և ինձ հետ կազմակերպել իշխանության փոխանցումը ՀՀ ժողովրդին»։
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասել է, որ ինքը ցանկանում է սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը։ «Ինչ էլ լինի, քաղաքացիական տեսակետը լինի բազմապիսի, ես ուզում եմ սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը և վաղն ընդունել իր շնորհավորանքը ՀՀ նոր իշխանության համար»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է դիմել ոստիկանությանը, Ր.Հովհաննիսյանը հայտնել է, որ սպառնալիքներ, որպես այդպիսիքն, իմ նկատմամբ չկան, բայց անվտանգությունն իր ընտանիքի անդամների համար է. «Եթե մինչև վաղը առավոտ ոստիկանապետն ասի, այլևս այս միջոցառումներն անհրաժեշտ չեն, ապա այդ շատ նվիրված ծառայող ոստիկաններին իրենց իրական գործին կվերադարձնենք: Ինձ պետք չէ որևէ մի անվտանգություն, բայց թույլ տվեք ասել որպես ամուսին և հայր, մտահոգվում եմ իմ ընտանիքի անվտանգությամբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում