Արցախյան շարժման 25-ամյակը նշվել է նաև Ֆրանսիայում

Փետրվարի 15-ին ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքում՝ Կաբրի-Կալա, Պեն-Միրաբո եւ Սեպտեմ քաղաքների հայկական մշակութային միությունների եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված արցախյան շարժման 25-ամյակին:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ «Արցախի բացահայտում» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, քաղաքային եւ շրջանային խորհուրդների անդամներ, քաղաքը ներկայացնող խորհրդարանականներ, տեղի հայկական համայնքի անդամներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ֆրանսալեզու վավերագրական ֆիլմ:

Երեկոյի ընթացքում կայացավ «Արցախ. հայ արվեստների եւ ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: Մասնավորապես ելույթով հանդես եկան գրքի համահեղինակներ պրոֆեսորներ Պատրիկ Դոնաբեդյանը եւ Տիգրան Կույումջյանը, ովքեր խոսեցին ղարաբաղյան արվեստի եվ մշակույթի մասին:

Հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտությանը վերաբերող հարցերի քննարկմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում