Ա.Ղուկասյան. «Ունենք ընդամենը երեք օր»

«Ունենք ընդամենը երեք օր. պետք է ամեն ինչ անենք մոբիլիզացնել և հանրությանը, և քաղաքական ուժերին»: Այս մասին «Սիվիլնեթ»-ի ուղիղ եթերում հայտարարել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

«Փետրվարի 25-ը ջրբաժան օր է: Մինչև այդ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ռեժիմը հարկադրված լինի ճանաչել ընտրություններն անվավեր կամ եթե Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվի հիմնավորել իր հաղթանակը, ճանաչել այն»,- ասել է Ա.Ղուկասյանը:

Նախագահի թեկնածուն նաև հայտնել է, որ վաղը կփորձի հանդիպել Ր. Հովհաննիսյանի հետ, և «միգուցե հնարավոր լինի ընդհանուր պլատֆորմ ստեղծելու շուրջ համաձայնության գալ»:

«Ր. Հովհաննիսյանն իր վրա մեծ պատասխանատվություն է կրում, քանի որ պետք է այնպես անի, որ իրեն ձայն տված կես միլիոնից ավելի քաղաքացիներին չհիասթափեցնի, չկոտրի նրանց ողնաշարը: Րաֆֆին նոր քաղաքական մշակույթ է բերում»,- կարծում է Ա.Ղուկասյանը:

Ա. Ղուկասյանը հանդես է եկել նաև հայտարարությամբ.

«Ընտրություններ 2013. Ծրագիր ՀՀ Նախագահի համար
Հայրենակիցնե′ր,

Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ: Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը այլևս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորությունները օրենքով կառավարելու համար։

Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավել քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ։ Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան:

Քաղաքացիների և քաղաքական ուժերի միավորումը կարող է ձևավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։ Հանուն մեր Հայրենիքի կոչ եմ անում միավորվել և թույլ չտալ որևէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական և օրինական Հայաստան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում