Հակառակորդը կրկին կրակել է Տավուշի սահմանային գյուղերին և վնասներ պատճառել

Ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը եւ խաթարել Տավուշի մարզի բնակիչների անդորրը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը, փետրվարի 21-ի երեկոյան նորից կրակոցներ են լսվել, վնասվել են բնակիչների տների տանիքները, ավտոտնակները, փողոցները:

Իրավիճակն անհանգստացնող է եղել նաեւ Մովսես գյուղում: Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը նշեց, որ կրակոցները հնչել են երեկոյան ժամը 19:00-22:20-ը: Այս գյուղում եւս հակառակորդը նյութական վնաս է հասցրել:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը լիովին վերահսկում է իրավիճակը եւ տվել է համապատասխան պատասխան’ լռեցնելով հակառակորդին: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ, վիրավորվելու դեպքեր չկան: Վնասը միայն նյութական է:

Ադրբեջանական զինուժը խաղաղ բնակչության ուղղությամբ գնդակներ է արձակում պարբերաբար: Փետրվարի 12-ին կրկին հակառակորդը նպատակային թիրախավորում էր սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես համայնքների բնակիչներին: Ադրբեջանական զինուժն այն ժամանակ կրակել էր երեխաների տեղափոխող մեքենայի վրա: Նույն օրը հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող էր վիրավորվել’ Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը, սակայն, բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում