Էդ.Շարմազանով. «2018-ին տեսականորեն հնարավոր է, որ Ր.Հովհաննիսյանը դառնա ՀՀ չորրորդ նախագահը»

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած այն հայտարարությանը, թե ‘«փետրվարի 21-ին հանդիպել են ՀՀ երրորդ և չորրորդ նախագահները» հանդես է եկել հայտարարությամբ:

«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև 2018-ը մնա քաղաքականության մեջ և որոշի առաջադրվել հերթական նախագահական ընտրություններում, ապա տեսականորեն, ինչպես մյուս առաջադրվելիք թեկնածուների դեպքում, հնարավոր է, որ նա դառնա ՀՀ չորրորդ նախագահը»,- մասնավորապես նշել է ՀՀԿ մամլո խոսնակը:

Անդրադառնալով մեկ այլ հայտարարության, որում Ա.Մարտիրոսյանը նշել էր, որ «Ժառանգության» քաղաքական օրակարգն է հասնել նրան, որ գործող նախագահը հանձնի իշխանությունը, նոր խորհրդարանական ընտրություններ նշանակվեն, թեև ընդգծելով, որ տեղյակ է, որ «այդ իրավական մեխանիզմը չկա, բայց ոչ միայն իրավական մեխանիզմն է կարևոր, այլ քաղաքական իրավիճակը» և հավելել, որ համոզված է, որ նախագահի փոփոխության արդյունքում խորհրդարանը կինքնալուծարվի, Է.Շարմազանովը հղում է արել Սահմանադրության 114-րդ հոդվածի 4-րդ և 74-րդ հոդվածի 1-ին մասերին և խորհուրդ տվել «հարգելի գործընկերոջը, ով 5 տարի Ազգային ժողովում օրենսդրական գործունեությամբ է զբաղվել, ծանոթանալ մայր օրենքին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում