Ն.Փաշինյան. «Երեկ Ր.Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունել է Ս.Սարգսյանին և ոչ թե հակառակը»

«Մարդկանց ամենաշատը հետաքրքրում է մեկ հարց. ի՞նչ է կատարվում ՀՀ-ում: Ուզում եմ ասել, որ ընտրություններից հետո հաստատվել է քաղաքական բացարձակ նոր իրավիճակ: Քաղաքական մի շարք ուժեր որոշ պատճառներից դրդված խուսափեցին ընտրությունների մասնակցությունից: Սակայն տեղի ունեցավ աննախադեպ մի բան. ժողովուրդը ինքնակազմակերպվեց»:

Այս մասին Ազատության հրապարակում ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով երեկվա Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը, քաղաքական գործիչը շեշտել է, որ այդ ժամանակ Ր.Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունել է Սերժ Սարգսյանին և ոչ թե հակառակը: 

«Մեր մինիմում ծրագիրը հետևյալն է. չպարտվել, չգնալ որևէ համաձայնության ապօրինի իշխանության հետ, որևէ պայմանով չճանաչել Ս.Սարգսյանի իշխանությունը: Ր.Հովհաննիսյանը դե յուրե պետք է նշանակվի ՀՀ նախագահ»,- հայտարարեց Ն.Փաշինյանը: 

Նա ընդգծեց, որ իշխանություններն ունեն միայն մեկ անելիք, այն է՝ ժողովրդի կամքն ի կատար ածել. «Եվ ուրեմն՝ հաղթանակ, և ուրիշ ոչինչ: Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ հանրապետությունում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում