ԲՀԿ-ի տեղը գրավելն անհնա՞ր է

Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ԲՀԿ-ն որևէ խնդիր չունի, որպեսզի միանա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին:

– Պարոն Ախոյան, երեկ դաշնակցականներն Ազատության հրապարակ գնացին ու հայտարարեցին, որ իրենք ժողովրդի կողքին են: ԲՀԿ-ն ի՞նչ է մտածում այդ առումով, Դուք չե՞ք միանալու:

– Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն միանա, քանի որ իրականում նման խնդիր չի քննարկվել, մենք այս գործընթացին չենք մասնակցել և փորձում ենք ձեռնպահ մնալ, ոչ մեկնաբանել, ոչ խոսել և այլն, և այլն:

– ՀՅԴ-ն ևս չմասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին, բոյկոտեց, սակայն, ի վերջո, ընտրությունների արդյունքները համարեց կեղծված ու միացավ ժողովրդի պայքարին: ԲՀԿ-ն համամի՞տ չէ, որ ընտրություններն անցել են կեղծիքներով:

– Դա իրենց գործն է, ես ի՞նչ ասեմ, ես ուղղակի հիմա իմ կարծիքն եմ ուզում ասել, մենք ոչ մեկի հետ փոխհամաձայնության գալու կարիք ու խնդիր չունենք: Ձայները, որոնք հավաքել է Րաֆֆի Հովհաննիսյանը, իմ կարծիքով՝ միայն իր ձայները չեն:

– Իսկ այդ դեպքում ո՞ւմ ձայներն են:

– Շատ ձայներ կային և տարբեր կուսակցական ուժերի, որոնք չմասնակցեցին:

– Կոնկրետ կնշե՞ք, օրինակ՝ ԲՀԿ-ի համակիրները քվեարկե՞լ են Ր. Հովհաննիսյանի օգտին:

– Հնարավոր է, ասել էինք, որ դաշտն ազատ է, բնականաբար ինչո՞ւ չէ, և ԲՀԿ-ի, և ՀԱԿ-ի, և մնացած այլ քաղաքական ուժերի: Եվ գնալ միանալ նրանց, ես դա չեմ հասկանում:

– Եթե, ըստ Ձեզ, ԲՀԿ-ի համակիրները ևս քվեարկել են Ր. Հովհաննիսյանի օգտին, այդ դեպքում ինչո՞ւ չեք գնում, որպեսզի տեր կանգնեք ձեր ձայներին:

– Մենք գիտենք, թե երբ ենք մեր ձայներին տեր կանգնում:

– Ե՞րբ:

– Երբ որ դա հավաքում ենք Աժ ընտրություններում, հիմա մենք չենք մասնակցում, ու մեր ձայները չեն կորել, որ գնանք ու տեր կանգնենք: Մեր ձայները չեն տարել, որ տեր կանգնենք:

– Դուք եք նշում, որ հնարավոր է՝ Ր. Հովհաննիսյանի քվեների մի մասը ԲՀԿ-ինն է, իսկ Հովհաննիսյանը հայտարարում է, որ ՀՀ նախագահի ընտրությունները կեղծված են, իրականում ինքն է ընտրվել ՀՀ նախագահ:

– Դա իրենց խնդիրն է, ես չեմ տիրապետում, ես չեմ կարող գնահատական տալ՝ ընտրությունները կեղծված են, թե ոչ: Դա կարող են ասել միմիայն համապատասխան մարդիկ և գերատեսչությունները: Եթե կեղծված է, թող բողոքեն, դա ասելով չէ, ապացուցելով է: Իրենք ո՞նց են ապացուցում: Ես որքանով որ տիրապետում եմ դաշտին, տեղեկացա, որ ԿԸՀ-ի նախագահն ասաց, թե իրենք մի քանի տեղ ստուգել են, և խախտումներն այնքան չեն, որոնք կարող էին ինչ-որ ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա:

– «Խանդով» չե՞ք վերաբերվում այն հանգամանքին, որ ՀՀ-ում երկրորդ քաղաքական ուժը այսօր համարվում է «Ժառանգություն»-ն՝ իր առաջնորդ Ր. Հովհաննիսյանի գլխավորությամբ, իսկ ԲՀԿ-ն չկա:

– Իսկ ինչպե՞ս են համարվում երկրորդ ուժ, որ իրենք մասնակցել են ընտրություններին, նշանակում է, որ «Ժառանգություն»-ը երկրորդ ո՞ւժն է: Նախագահական ընտրությունները խիստ տարբերվում են Ազգային ժողովի ընտրություններից: Եվ ես արդեն նշեցի, որ այդ ձայները միայն պարոն Հովհաննիսյանի ձայները չեն: Այնտեղ կան տարբեր ուժերի, քաղաքական ուժերի ձայներ: Նորմալ պետության համար դա նորմալ երևույթ է, որտեղ կա իսկապես ընդդիմություն, բնականաբար պետք է լինեն նաև այդպիսի մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին:

– Այդ դեպքում ո՞րն է լինելու ԲՀԿ-ի հետագա ճանապարհը:

– ԲՀԿ-ն միշտ էլ եղել է կառուցողական, ԲՀԿ-ն միշտ եղել է այն ուժը, որը հստակ իր դիրքորոշումն ու կողմնորոշումն է ունեցել մեր քաղաքական դաշտում և շարունակելու է ամրապնդել իր դիրքերը, այն բոլոր խնդիրները, որոնք ներգրավված են ծրագրերում, փորձել իրականացնել՝ չունենալով իշխանական ոչ մի լծակ, փորձելով մասնակցել մեր երկրի կառուցման գործընթացին: Այդ տեմպերով էլ ԲՀԿ-ն շարունակելու է: Մեր ղեկավարը նպատակահարմար չգտավ մասնակցել ընտրություններին, ու մենք չմասնակցեցինք:

– Քննարկվում է նաև «Ժառանգություն» և Հանրապետական կուսակցությունների՝ կոալիցիա կազմելու հարցը…

– Նորմալ ենք վերաբերվում, եթե իշխանությունները և պարոն Հովհաննիսյանը կոալիցիա պետք է կազմեն, թող կազմեն, ի՞նչ է եղել, իսկ ինչո՞ւ ոչ, իսկ ո՞վ է արգելում:

– Կարծես թե իրենք քիչ-քիչ ԲՀԿ-ի տեղն են գրավում քաղաքական դաշտում:

-ԲՀԿ-ի տեղը գրավելն անհնար է, որովհետև եթե ԲՀԿ-ի տեղը գրավեն, գոնե ԲՀԿ-ի չափ ճանապարհ պետք է անցած լինեն: Այնպես որ, միանգամից ԲՀԿ-ի տեղը գրավելն այդքան էլ հեշտ չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում