Կարեն Դեմիրճյանի հետ նախագահի ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի կարող համեմատվել

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ անգամ պաշտոնական տվյալներով Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում ստացավ ավելի մեծ թվով ձայներ, քան 1998-ից ի վեր նախագահի որեւէ ընդդիմադիր թեկնածու ստացել էր: Այս կապակցությամբ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը «Ժամանակ»թերթին ասել է, որ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ Ստեփան Դեմիրճյանը, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն կարող համեմատվել Կարեն Դեմիրճյանի հետ:

«Նա հայտարարությունը կազմողներին պարզապես խորհուրդ տվեց զգույշ լինել իրենց արտահայտությունների եւ համեմատությունների մեջ: Նրա համոզմամբ՝ նման համեմատությունների անհրաժեշտություն բացարձակապես չկա: Քաղաքական գործչի կարծիքով՝ նման հայտարարությունները ոչ մի նպաստ չեն բերի ժողովրդական շարժմանը:

ՀԺԿ քարտուղարը գնահատում է հայ ժողովրդի համախմբվածությունը եւ համոզված է, որ «ոչ»-ն ուղղված է գործող վարչախմբի դեմ՝ կրկին խորհուրդ տալով համեմատություններ չանել:

Ըստ նրա՝ այն քաղաքական ուժերը, ովքեր մտադիր են աջակցել այսօր ձեւավորված շարժմանը, չեն աջակցում Րաֆֆի Հովհաննիսյանին, նրանք աջակցում են ժողովրդական շարժմանը, նրանք աջակցում են, որպեսզի երկրում սահմանադրական կարգը վերականգնվի: «Կլինի Րաֆֆի Հովհաննիսյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Տեր-Պետրոսյան կամ որեւիցե այլ մեկը, սա է հիմնական խնդիրը՝ երկրում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը, մարդկանց քվեն, ձայնն իր նպատակին պետք է հասնի»,- ասաց ՀԺԿ քարտուղարը»,- մեջբերում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում