Էդ.Նալբանդյան. ««Դիվանագիտութունը նախևառաջ, պիտի լինի արյան մեջ, բայց այն նաև մասնագիտություն է»

Փետրվարի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը առաջին դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ընդունված ունկնդիրների առջև, փոխանցում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից։

Շնորհավորելով ունկնդիրներին դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ’ նախարար Նալբանդյանն ասաց, որ կրթօջախի չորրորդ սերունդը հաճախում է դիվանագիտական կադրերի պատրաստման կրթական հաստատություն, որի հիմնումը և արդյունավետ գործունեությունը արդեն կայացած փաստ է։

«Դիվանագիտութունն, իհարկե, նախեւառաջ, պիտի լինի արյան մեջ, բայց այն նաեւ մասնագիտություն է, եւ ինչպես որեւէ մասնագիտություն, պահանջում է հիմնավոր կրթություն։ Դուք հնարավորություն կունենաք մոտիկից ծանոթանալու դիվանագիտական արվեստին եւ բանակցություններ վարելու հմտությանը, Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին ու մոտեցումներին, միջազգային իրավունքի, միջազգային տնտեսական հարաբերությունների խնդիրներին, դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի նրբություններին:

Դպրոցում դասավանդելու են առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Կանադայից, Նիդեռլանդներից, Չեխիայից և Ավստրիայից: Դուք հնարավորություն կունենաք նաև լսելու Հայաստան այցելող արտգործնախարարներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին»,- ասաց նախարար Նալբանդյանը։

Եզրափակելով խոսքը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ դպրոցի յուրաքանչյուր ունկնդիր պետք է առավելագույնս օգտվի մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու այս հնարավորությունից, որպեսզի մեկ տարի հետո կարողանա համալրել Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում