Անվանումն էական է, թե ոչ. ՀՀՇ համագումարին քննարկվում է ՀԱԿ կուսակցություն դառնալու նպատակահարմարությունը

«Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ մարտահրավերները պահանջում են մեզ վերակազմավորել կուսակցությունը»,-ՀՀՇ համագումարում հայտարարեց կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ Ա.Մանուկյանը նշել է, որ ՀՀՇ-ն մշտապես եղել է ռեֆորմներին համահունչ գնացող, «համարձակ , ժամանակին համահունչ լուծումներ գտնող»:

«Սա համարձակ քայլ է, որը հնարավորություն կտա դառնալ հզոր մի միություն, ավելի ընդարձակ», – ասաց նա, շեշտելով, որ ՀՀՇ-ն չի լուծարվում ՝ պահպանում է պատմական, իրավական և բոլոր այլ իրավունքներն ու պարտականությունները, նոր կառույցը կլինի իրավահաջորդը, կպահպանի բոլոր սկբունքները, նաև՝ անդամակցումը բոլոր միջազգային և այլ կառույցներում: «Կպահպանվեն նաև սկզբնական կառույցները, անդամակցումը, գույքը», – ասել է նա:

Ըստ զեկուցողի՝ մինչ նման որոշման նախապատրաստելը, խորհրդակցել են նաև երիտասարդների հետ: «Երիտասարդներն ավելի են դրական վերաբերվում դրան, երաշխավորում են , որ նոր երիտասարդներ կմտնեն», – ասաց Արամ Մանուկյանը, նշելով, որ կառույցի էլ ավելի ազատականացումը ավելի շատ մարդ կբերի կուսակցության շարքեր:

Բաբկեն Արարքցյանը հարց է բարձրացրել, թե ինչու էր անհրաժեշտ բարեփոխել Հայ Համազգային Շարժումը, այն դեպքում, երբ երկու տարի առաջ վաչությունը փոխվել էր:

Արձագանքելով՝ Լևոն Տեր Պետրոսյանը վերջինիս ընդդիմանեց, ասելով. «Արամ Մանուկյանը ամեն ինչ արդեն բացատրեց»: «Էլ ինչի եք նման հարց տալիս», – ասաց ՀՀ առաջին նախագահը:

«Ոչ ոք չէր ուզում մտնել ՀՀՇ, իսկ այս դեպքում, երբ կուսակցությունը վերանվանվում է և բացվում, մանավանդ, որ այլ կուսակցություններից հայտեր են ընդունվում, նորացված կառույցն ավելի կմեծանա: Այստեղ կա նաև հոգեբանական և այլ մոտեցումներ», – ասաց նա:

Ի պատասխան Արամ Մանուկյանին, հնչեցին դիտարկումներ, որ զուտ սերնդափոխության հարցը ապահովելու դեպքում կա վտանգ, որ ՀՀՇ-ն կկորցնի նաև իր հին պոտենցիալն ու գաղափարախոսությունը:

«Մենք նման մտավախություն չունենք: Կուսակցությունն ամբողջությամբ պահպանում է իր անցյալը: Եթե հազար հոգի պետք է մտնի, երկու հոգի խռովի՝ ապա էլ ինչ, ներողություն եմ խնդրում: Մենք խորհրդակցել ենք տարածքային կազմակերպությունների հետ», – ասաց նա:

Ի պատասխան հարցին, թե որ կուսակցություններ են արդեն պատրաստակամություն հայտնել վերամիավորվել՝ Արամ Մանուկյանը նշեց, թե «ՀԺԿ-ն պատրաստ է դաշինքային համագործակցության, մեզ սպասում են այլ կուսակցություններ»:

Համագումարի մասնակիցներից հնչեց դժգոհություն, որ պատվիրակներին նախապես օրակարգը չի բաժանվել: «Մենք նաև չգիտենք, թե արդյոք կարող ենք ելույթ ունենալ: Միգուցե մենք դեմ ենք վերակազմավորմանը», – ասաց պատվիրակներից մեկը: «Դուք կունենաք հնարավորություն արտահայտվելու: Մենք ոչ ոքին չենք կաշկանդում», – ասաց Արամ Մանուկյանը:

ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանն իր հերթին հայտնել է, որ պետք է թույլ չտալ, որպեսզի ձևը կլանի բովանդակությունը. «Պետք է պահպանվեն գործընթացի մասնակիցների իրավահավասարությունը, լինի փոխվստահություն, դրսևորվելու հնարավորություն, արտահայտվելու իրավահավասարություն՝ պարիտետի միջոցով»: Նրա խոսքով՝ պարիտետի պահպանմամբ պետք է գումարվի ՀԱԿ համագումար: Ըստ Սամվել Աբրահամյանի՝ ՀԱԿ համագումարը կարող է լինել արդեն մեկ ամիս անց:

Նա նաև կոչ արեց ՀՀՇ Հանրապետական խորհրդին՝ պարզեցված կարգ սահմանել քաղաքացիներին անդամագրելու համար:

Զեկուցողը նաև ընդգծեց, որ նոր կառույցը կպահպանի ՀՀՇ գաղափարախոսությունը և արժեքները: «Ուրեմն՝ անվանումն այստեղ էական չէ, թեև հուզական է նրա փոփոխման փաստը: ՀՀՇ-ն եզակի ինստիտուցիոնալ կուսակցություններից մեկն է, և այսպիսին կմնա», – ասաց նա:

ՀՀՇ-ն արդեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ հիմնավորմամբ, որ նոր քաղաքական ուժի գաղափարախոսությունը ՀՀՇ-ից չի տարբերվելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում