«Ազատ Դեմոկրատները» հայտարարություն են տարածել

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին:

Ցավոք, տարիներ շարունակ, մեր ժողովրդի ընտրական իրավունքը յուրացվել է ՀՀ իշխանությունների կողմից՝ բերելով համակարգի այլասերմանը և ընտրական ինստիտուտների ձևախեղմանը: 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունները յուրօրինակ ռեֆերենդում էին գործող իշխանության համար, և նույնիսկ այդ պայմաններում իշխանությունները ձախողվեցին, իսկ ժողովուրդը հերթական անգամ ոչ ասաց նրանց վարած քաղաքականությանը:

Մենք վստահ ենք, որ դարավոր իմաստությունը և քաղաքական այդ դժվար ճանապարհը, որ բոլորս անցել ենք համատեղ, հնարավորություն կտա ամփոփել ժողովրդի հաղթարշավը դեպի ազատ ու մրցունակ պետության հաստատում:

Մեր ողջ համոզմունքով և գործունեությամբ փաստում ենք մեր նվիրվածությունը և հետևողական պայքարը հանուն ազատության, արդարության և ժողովրդավարության հաստատմանը մեր երկրում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում