ԿԸՀ-ն քննում է այլ անձի կողմից ստորագրված Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, որը ներկայացրեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և նախընտրական շտաբի իրավաբան Կարեն Մեջլումյանը, հաղորդում է Panorama.am-ը:

Դիմումատուն պահանջում է ուժը կորցրած ճանաչել թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, պնդելով, որ օգտագործվել է վարչական ռեսուրսն և իրականացվել են ընտրական հիմնադրամը գերազանցող ծախսեր, գերազանցվել է քարոզչական նյութերի չափը, ինչն, ըստ դիմումատուի, ազդել է ընտրությունների արդյունքների վրա:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ դիմումը ներկայացվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, բայց ստորագրվել «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կողմից, այն դեպքում, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ նման դիմում իրավասու է ստորագրել անձամբ թեկնածուն:

«Խնդիրը ստորագրման իրավազորության մեջ է: Ըստ օրենքի, մենք չենք կարող Ձեր անունից դիմում ընդունել: ԸՕ հոդված 46-ը նշում է, որ բողոքարկման դիմում կարող է ներկայացնել անձամբ թեկնածուն, և նախատեսված չէ, որ կարող է այն ստորագրել լիազորված ներկայացուցիչը, մանավանդ, որ կա լիազորման համապատասխան կարգ», – նշեց Տ.Մուկուչյանը, հարցնելով, թե արդյո՞ք հանձնարարականը եղել է գրավոր:
Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ հանձնարարականը եղել է միայն բանավոր՝ շտաբի նիստի ժամանակ:

Տիգրան Մուկուչյանը նաև ճշտեց Կարեն Մեջլումյանից, թե արդյոք նա ևս ներկայացնում է Րաֆֆի Հովհաննիսյանին, որին իրավաբանը պատասխանեց, որ նա սոսկ աջակցելու է:

ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ ըստ Ընտրական օրենգրքի հոդված 46 կետ 10-ի, թեկնածության անվավեր ճանաչելու դիմումը պետք է ներկայացվեր մինչև քվեարկության օրը, և հետաքրքվեց դիմումատուի ներկայացուցիչներից, թե ինչն է խոչընդոտել դա անել մինչև այդ:

«Մենք հրապարակային ենք քննարկել բոլոր տեղեկանքները, և ինչի՞ ձեր աուդիտը որևէ դիտարկում չի արել և դիմումը չի ներկայացվել քվեարկությունից 20 օր առաջ», – ասաց նա:

Ի պատասխան՝ Ա.Մարտիրոսյանը ասաց. «Սպասել ենք, մինչև Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները դա կանեն, և տեսնելով, որ դա չի եղել, այսօր առավոտյան դիմեցինք»:

Իր հերթին Կ.Մեջլունյանն ասաց, որ առաջին տեղեկանքում ոչ բոլոր ծախսերն են ներկայացվել, և աուդիտորը հնարավորություն ստացավ օգտվել հաշվետվություններից միայն քվեարկությունից հետո:

ԿԸՀ նախագահն էլ ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի աուդիտորը երրորդ հայտարարագրի ներկայացումից հետո անձամբ չի ներկայացել հանձնաժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում