Հայաստանի աթլետիկայի հավաքականը չի տուժել Ստամբուլում տեղի ունեցած ավտովթարից

Հայաստանի աթլետիկայի հավաքականի բոլոր անդամներն անվնաս հասել են մրցման վայր և մասնակցել Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Սպորտի և երիտսանրդության հարցերի նախարարությունից, հավաքականի անդամներից ոչ ոք որևէ լուրջ վնասվածք չի ստացել:

Նշենք, որ նախօրեին Թուրքիայում շրջվել էր Հայաստանի աթլետիկայի հավաքականին տեղափոխող ավտոբուսը, սակայն, հայ մարզիկներին և մարզիչներին տրամադրվել է նոր փոխադրամիջոց, որով նրանք անվնաս հասել են մրցման վայր և մասնակցել առաջնությանը:

«Տեղեկատվությունը, որ հավաքականի անդամները ստացել են մարմանական լուրջ վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց չի համապատասխանում իրականությանը»- տեղեկացրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Առաջնությունը, որին մասնակցել են Ռումինիայի, Թուրքիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Մոնտենեգրոյի հավաքկաններն, արդեն ավարտվել է և մեր մարզիկները վերադառնում են Երևան:

Առաջնության արդյունքներով, Հայաստանի հավաքականի կանանց թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Համեմատաբար անհաջող են հանդես եկել մեր տղամարդիկ՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 14 մարզիկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում