Ավանում «Կարֆուր»-ի համար շենք է կառուցվում

Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում շենք է կառուցվում՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի մասնաճյուղը Հայաստանում բացելու համար:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մանվել Բադեյանը՝ հերքելով տեղեկությունները, թե այս նպատակով Արշակունյաց պողոտայում գտնվող «Սուրմալու» տոնավաճառի հարևանությամբ է շենք կառուցվում կամ Շենգավիթ համայնքում առաջարկվել է նախկին «Հայաստան» հանրախանութի շենքը:

Ինքը՝ Մանվել Բադեյանը, «Կարֆուրին» առաջարկել է իր սեփականություն հանդիսացող տարածքը, սակայն այն հարմար չի եղել:

«Իրենց պահանջներով ՝ մեկ քառակուսի մետրի համար 1000 կիլոգրամ կոնստրուկցիաներ պետք է պահի, իսկ մեր կողմից առաջարկվող նորման եղել է 400: Այսինքն՝ դրա համար հատուկ պայմաններ են պետք»,- ասաց Մանվել Բադեյանը:

Նա նաև հայտնեց, որ մեր Կառավարությունը փորձում է Հայաստանում բարենպաստ պայմաններ ստեղծել ցանկացած համաշխարհային բրենդի համար, և որ ինքը չգիտի Կառավարությունում մեկին, որը շահագրգռված չլինի «Կարֆուրի» մուտքով:

«Գիտեմ, որ վարչապետն ուզում է, փոխվարչապետն ուզում է, կարո՞ղ է ՝չուզող լինի մեջը»,-ասաց հանրապետական պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում