ԿԸՀ. «Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները միայն 10 վերահաշվարկի դիմում են ներկայացրել»

Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հանրապետության 1988 տեղամասերից միայն 1009-ում է վստահված անձ ունեցել, ովքեր ընդհանուր առմամբ 10 վերահաշվարկի դիմում են ներկայացրել: Ինչպես տեղեկացնում է Panorama.am գործակալությունը, այս մասին «Հայլուր –հարցազրույց» հաղորդման ընթացքում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ եղել է 12 վերահաշվարկի դիմում, ևս 70 դիմում՝ 118 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Անդրադառնալով ընտրական գործընթացի հետ կապված դժգոհություններին՝ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ձևավորված 1988 ընտրական տեղամասերից միայն 44-ի դեպքում են գրանցամատյաններում թերության մասին գրառումներ կատարվել. «Քվեարկության օրը ԿԸՀ-ն ոչ մի դիմում-բողոք չի ստացել: Հայաստանում ձևավորված 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության օրը ստացվել է ընդամենը 2 դիմում. մեկը վերաբերել է ընտրական ցուցակների հետ կապված խնդրին, որը քաղաքացին է ներկայացրել, երկրորդ դիմումը ևս վերաբերել է շատ լոկալ դեպքի, որը ևս քաղաքացու կողմից է ներկայացվել հանձնաժողովին: Երկու դեպքում էլ կայացվել են որոշումներ: Այլ դիմում-բողոքներ, որպես այդպիսին, քվեարկության օրվա հետ կապված չեն ներկայացվել»:

Նրա ներկայացմամբ՝ քվեարկության ավարտից հետո նույնպես ԿԸՀ-ում դիմում-բողոքներ ներկայացնելու միտում չի եղել. «Ներկայացվել են եզակի դիմումներ, որոնք քննվել են ԿԸՀ-ի կողմից և դրանց վերաբերյալ կայացվել է որոշում»:
Ինչ վերաբերում է վերահաշվարկների և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներին, ապա ԿԸՀ նախագահն ասել է. «Վերահաշվարկի համար Ընտրական օրենսգիրքը շատ հստակ ժամկետ է ամրագրել: Վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել քվեարկության օրը՝ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն: Եվ կարող են ներկայացնել այն վստահված անձիք, ովքեր ներկա են գտնվել տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը»:

Նա նշել է, որ բոլոր թեկնածուները միասին տեղամասային բոլոր ընտրական հանձնաժողովներում ունեցել են իրենց վստահված անձիք: «Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից 1988 ընտրական տեղամասերից 1009-ում եղել են վստահված անձիք: Այսինքն’ վստահված անձիք եղել են տեղամասային կենտրոններում: Նշեմ, որ այդ դիմումները ներկայացնելու համար խորը իրավաբանական գիտելիքներ անհրաժեշտ չեն, ընդամենը պետք է փաստել մեկ բան, որ խնդրում եմ կատարել վերահաշվարկ այսինչ տեղամասում:

Եվ մենք պարտավոր ենք բացել քվեապարկը ու կատարել վերահաշվարկ: Մեզ ներկայացվել են ընդամենը 12 դիմում»,- նշել է նա ու պարզաբանել, որ դրանցից 10-ը ներկայացված են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց, մեկ դիմում՝ Սերժ Սարգսյանի վստահված անձի կողմից. «Այս դիմումների պարագայում դիմումատու վստահված անձ-քաղաքացիները տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների ամփոփման մասին նիստերին չեն մասնակցել: Իսկ օրենքը շատ հստակ է ամրագրում. եթե նրանք չեն մասնակցել այդ նիստերին, իրավունք չունեն նման դիմում ներկայացնելու: Ամբողջ 1988 ընտրական տեղամասերում ներգրավված 15694 հանձնաժողովի անդամներից միայն մեկն է նշում կատարել հատուկ կարծիք ունենալու մասին թիվ 3/33 տեղամասային հանձնաժողովի նախագահը և ներկայացրել վերահաշվարկի դիմում: Տեղամասը բացվել է, վերահաշվարկվել է»:

«Երկու դեպքում հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ է վերահաշվարկ իրականացրել: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ հանրապետությունով մեկ իրականացվում են վերահաշվարկներ և իրենց չեն տեղեկացրել: Նախ’ պետք է նկատել, որ ընդամենը 2 տեղ էին իրականացվում վերահաշվարկներ և «Ժառանգության» ներկայացուցիչները մասնակցել են այդ դիմումների քննությանը, մասնավորապես թիվ 2 ընտրատարածքում դիմումի քննությանը մասնակցում էր Ստյոպա Սաֆարյանը, որին երբ հարցրել էին, նա զարմացել էր՝ ասելով, որ իրեն պատշաճ ձևով իրազեկել են: Վերջինս ներկայացել էր հանձնաժողով և կազմակերպվել էր աշխատանքը նրա ներկայությամբ»:

Անդրադառնալով այն պնդումներին, որ վերահաշվարկի մեծածավալ դիմումներին ընթացք չի տրվել՝ ԿԸՀ նախագահն ասել է. «Վերահաշվարկի հետ կապված մենք ունեցել ենք ընդամենը 10 դիմում, որոնք ներկայացված են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց կողմից, և այդ 10-ը դիմումներն, ըստ էության, ներկայացվել են այն քաղաքացիների կողմից, որոնք դրա իրավունքը չունեին: Մերժել ենք այն դիմումները, որոնք ներկայացրած անձինք ներկա չեն գտնվել դիմումի քննությանը՝ ընդամենը 10 դիմում»:

Միևնույն ժամանակ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ բավականին թվով դիմումներ ներկայացվել են ոչ թե վերահաշվարկի, այլ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. «Այստեղ խնդիրը մի քիչ այլ է, որովհետև խնդիրը վերաբերում է այլ ինստիտուտի՝ այն կոչվում է քվեարկության արդյուքները անվավեր ճանաչել: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ինստիտուտը լրիվ այլ ինստիտուտ է, քան վերահաշվարկի ինստիտուտը, և ինքն իրենով բավականին ընդգրկուն, ավելի ծանրակշիռ ինստիտուտ է, որովհետև քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պարագայում զրոյացվում են տվյալ տեղամասի արդյունքերը: Այսինքն՝ դա այն դեպքերն են, երբ առկա են խախտումներ, և այդ խախտումները հաստատվում են համապատասխան ապացույցներով, ու այդ խախտումների արդյունքում անհնար է վերականգնել քվեարկության պատկերը, դա էլ իր հերթին արտացոլված չէ անճշտություններում»:

Նրա տեղեկացմամբ, ԿԸՀ-ն ստացել է այս կարգի 70 դիմում, որոնցում ներկայացվել է 118 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ: «Բոլոր դիմումները ներկայացվել էին պարոն Հովհաննիսյանի կողմից: Բոլորը միասնական ձևաթղթի վրա արված դիմումներ էին: Այդ դիմումներում ընդամենը փոփոխված էր տեղամասի համարը, թեկնածուների ստացած ձայների քանակը: Դրանք միասնական ձևանմուշով բլանկներ էին, որոնք ուղղակիորեն ստորագրվել էին:

Նույնիսկ չէր անհատականացվում՝ կոնկրետ տեղամաս, կոնկրետ խախտումների ծավալ՝ այսինքն հնարավոր բոլոր խախտումները, որոնք կարելի է մտաբերել, այդ խախտումների ցանկը ուղղակի շարադրված էր և պահանջվում էր անվավեր ճանաչել քվեարկության արդյունքը»,- ասել է Տիգրան Մուկուչյանը և հավելել, որ բացի նշվածը, այդ դիմումները ԿԸՀ-ին չեն ներկայացվել պատշաճ ժամկետներում. «Այդ դիմումներից 47-ը սահամանված ժամկետում՝ այսինքն ժամը 12:00-ից մինչ 18:00-ն՝ հաջորդ օրը, ներկայացվել էին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Մյուս դիմումները ուղարկվել են փոստի միջոցով և ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ անգամ փոստային բաժանմունք դիմումը չի հանձնվել սահմանված ժամկետներում: Բոլոր դիմումներն ուղարկվել են թիվ 42 փոստային բաժանմունքից, որն աշխատում է շուրջօրյա և, ըստ ծրարների վրա առկա կնիքների, դրանք ուղարկվել են գիշերը՝ ժամը 23:00-ի սահմաններում՝ ամսի 19-ին, երբ ժամը 18:00-ին արդեն լրանում էր ժամկետը»:

Անդրադառնալով նշված ժամկետների ողջամտության մասին հարցադրմանը՝ Տիգրան Մուկուչյանն ասել է. «Մենք գտնվում ենք ընտրական գործընթացում, և ընտրական գործընթացի համար իրավամբ բոլոր ժամկետներն են սեղմ: Եթե մենք այդպես նայենք, շատ սեղմ է ժամանակը հանձնաժողովների համար, ովքեր պետք է քննեն դիմումները: Այսինքն սա գործընթաց է, որը պետք է ժամկետային առումով բավականին առանձնահատուկ կանոնակարգման ենթարկվի, որպեսզի դիմումները, եթե կան, պատշաճ ձևակերպվեն, արագ ներկայացվեն, հանձնաժողովները, գործելով այդ ժամկետներում, հստակ կայացնեն իրենց որոշումները: Մենք գործ ունենք մեկ ամբողջ գործընթացի հետ, և այս գործընթացում յուրաքանչյուրը պետք է իրեն վերապահված գործողությունը շատ հստակ իրականացնի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում