Ցուցարարները նամակ են փոխանցել Ս.Սարգսյանին շնորհավորած դեսպանատներին

2013թ-ի ընտրությունների արդյունքներից դժգոհ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա սկսեցին Հայաստանում գտնվող արտերկրյա դեսպանատների մոտ։

Մեկնարկը տրվեց Ֆրանսիայի դեսպանատան մոտից, որտեղ ակցիայի մասնակիցները հանձնեցին դեսպանին ուղղված նամակը։ Ցուցարարները նամակում նշում են, որ Ֆրանսիան շնորհավորել է ժողովրդի կողմից չընտրված նախագահին, փոխանցում է Tert.am-ը։

Նաև նշվում է, որ իրենք խորապես հիասթափված են նախագահական ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանին իրենց երկրի նախագահի հղած շնորհավորանքում տեղ գտած գնահատականներով։

«Մենք ցանկանում ենք, Ձեր երկրի կողմից տեսնել ժողովրդավարական արժեքների այնպիսի դրսևորում, որը հարիր է դրանք հռչակած եվրոպական երկրին։ Դուք իրավունք չունեք ձեր գործողություններով կամ անգործությամբ արժեզրկել Հայաստանի ժողովրդի մոտ ձևավորված այն բարոյական կապիտալը, որը ձևավորել են եվրոպական ժողովուրդները տարիների ընթացքում։ Նման քաղաքականությունը կհանգեցնի մեր կողմից վստահության կորստին և՛ Եվրոպայի, և՛ Հայաստանի միջև անջրպետի ստեղծմանը»,- ասված է նամակում։

Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Հայաստանում Իտալիայի դեսպանատուն, որտեղ նույն կոչերը հնչեցրեցին ու նույն նամակը հանձնեցին Իտալիայի դեսպանատանը։

Այստեղ ակցիայի մասնակիցներին ասացին, որ դեսպանը տեղում չէ, այլապես կընդուներ նրանց։

Ակցիայի մասնակիցներին ՌԴ դեսպանատան առջև ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ շենքին՝ պատճառաբանելով, որ խաթարում են դեսպանատան բնականոն աշխատանքը, ելքն ու մուտքը։ Ցուցարարներից միայն մեկին թույլատրվեց նամակը գցել դեսպանատան փոստարկղում։

Մինչև լրագրողների գալը ակցիայի մասնակիցներից Վահագն Մինասյանի ձեռքից ոստիկանները ակցիայի ամենասկզբում վերցրել էին ցուցապաստառը և հրելու ընթացքում վնասել ձեռքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում