Ր.Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Ր.Հովհաննիսյանի շտաբի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր գնահատեց տարածաշրջանում կայունության ապահովման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարությունը, ինչպես նաեւ այդ երկրի առաքելությունը՝ որպես ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ: Հատկապես կարեւորվեց մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները՝ իբրեւ երկու ինքնիշխան ռազմավարական դաշնակից պետություններ:

Քննարկվեցին նաեւ Հայաստանում ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ լինելով Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը, Ռուսաստանը պետք է առաջինն ինքը շահագրգռվածություն հանդես բերի ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում