ԼՂՀ ԱԳՆ. Առ այսօր սումգայիթյան ջարդերը չեն արժանացել համարժեք գնահատականի

ԼՂՀ արտգործնախարարությունը սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ.

«1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ իշխանությունների թողտվության և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում մարդկանց սպանում էին, բռնաբարում և խեղում լոկ այն պատճառով, որ նրանք հայեր էին: Սումգայիթում տասնյակ սպանվածները, հարյուրավոր խեղվածներն ու հազարավոր վտարված հայերը դարձան առաջին զոհերն Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության’ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայերի, ովքեր դրանից մեկ շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարել էին ինքնորոշման իրենց իրավունքն իրականացնելու մտադրության մասին: Չնայած այդ պահանջներն իրենց բնույթով խաղաղ և օրինական էին, Ադրբեջանն ի սկզբանե հրաժարվեց երկխոսությունից, փոխարենը դիմելով սպառնալիքների և ահաբեկման լեզվին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման բռնաճնշումներին:

Ցավոք, առ այսօր սումգայիթյան ջարդերը չեն արժանացել միջազգային հանրության համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականին: Ավելին, սումգայիթյան կոտորածի մասին ճշմարտության չբարձրաձայնումը, դրա իրական պատճառների պարտակումը և իսկական կազմակերպիչների անպատժելիությունը ճանապարհ բացեցին Ադրբեջանի ամբողջ տարածքով մեկ էթնիկ զտումներ իրականացնելու համար, որոնք իրենց գագաթնակետին հասան 1990 թ. հունվարին Բաքվում հայերի արյունահեղ կոտորածի և բռնատեղահանման ժամանակ, իսկ հետագայում էլ հանգեցրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ ուղղված լայնածավալ ռազմական ագրեսիայի:

Սումգայիթի ողբերգական իրադարձությունները պարարտ հող ստեղծեցին և նպաստեցին հայերի և ամեն հայկականի նկատմամբ կույր ատելության հետագա սաստկացմանը, ինչը հետևողականորեն և հաջողությամբ սերմանվում է Ադրբեջանում և նրա հասարակության մեջ:

Այսօր Ադրբեջանում, չնայած միջազգային հանրության’ իր բնակչությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու կոչերին, քարոզվում են այլատյացություն, անհանդուրժողականություն և ռազմամոլություն: Ցանկացած ոք, ով հանդես է գալիս հայերի հետ ինչ-ինչ հարաբերություններ հաստատելու օգտին, ահաբեկվում է և դաժան հաշվեհարդարի ենթարկվում իշխանությունների կողմից: Միևնույն ժամանակ ադրբեջանցի սպան, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել իր հայ համակուրսեցուն սումգայիթյան ջարդարարների ձեռագրին համաձայն դաժանորեն սպանելու պատճառով, փառաբանվում է որպես ազգային հերոս և օրինակ երիտասարդ սերնդի համար:

25 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին և համաշխարհային հանրությանը կոչ ենք անում իր կտրուկ դիրքորոշումն արտահայտել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության նկատմամբ: Զանգվածային սպանությունների և ջարդերի հստակ ու միանշանակ գնահատականը, դրանց ետևում կանգնած ուժերի դատապարտումը թույլ կտան ոչ միայն կանխել նման հանցագործությունների կրկնությունը, այլ նաև կնպաստեն ադրբեջանական հասարակության բարոյական ապաքինմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում