3 անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ կրկնակի քվեարկութան փորձի համար

Թիվ 12/16-ում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած 2 անձանց եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին։

Ինչպես հաղորդում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը և թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ.Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելուց հետո՝ ժամը 14:20-ի սահմաններում, փորձել են քվեարկել նաև թիվ 12/16 ընտրատեղամասում: Սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտել և քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է եւ կանխել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Միքաելյանին և Հ.Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել’ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար։

Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ռ.Ղազարյան, ով Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին գրանցել է եւ թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում