Քաղաքապետ. Մեղրիում Ր.Հովհաննիսյանը կհանդիպի պատերի հետ

Եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հարգել տեղական իշխանությանը, Մեղրի քաղաքի ժողովուրդն էլ իրեն չի հարգի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեղրի քաղաքի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր Մեղրի քաղաքում նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին:

Քաղաքապետի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հարգեր ՏԻՄ-ը՝ երեք օր առաջ իրեն տեղեկացնելով իր ղեկավարած քաղաքում կազամակերպվող հավաքի մասին: Բայց եթե չի հարգել ու տեղեկացրել, արհամարհել է, նրա խոսքով՝ ժողովուրդն էլ իրեն չի հարգի ու չի մասնակցի այդ հավաքին:

«Մեղրիի ժողովուրդը շատ լավ պատկերացնում է իր անելիքը: Կարծում եմ, որ նա կգա, պատերի հետ կհանդիպի ու կգնա: Այդ հանդիպմանը մարդ չի մասնակցի, եթե մարդիկ մտադիր լինեին մասնակցելու հանդիպմանը, Մեղրիի հրապարակը, որտեղ նախատեսվում է հանդիպումը, մարդկանցով լի կլիներ, բայց մարդ չկա: Եթե նա չի հարգել տեղական իշխանությանը, ժողովուրդն էլ իրեն չի հարգի»,- մեկնաբանեց Մեղրիի քաղաքապետը:

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի պահանջից՝ նա ասաց, որ դա անիմաստ պահանջ է: Նրա խոսքով, ինչպես մեկը կարող է մարզպետի հրաժարականի պահանջ ներկայացնել՝ առանց մեկ օր գոնե նրա հետ աշխատած լինելու: «Սյունիքի մարզի կարգավիճակը մարզպետի գործունեությամբ է պայմանավորված»,- ասաց Արշավիր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարև»-ի հեղափոխությունը կտանի Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Մեղրիում կհանդիպի բնակիչների հետ ժամը 12.00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում