Լիտվայի խորհրդարնում ընթերցվել է Լիտվա-Արցախ բարեկամության խումբ ստեղծման մասին հռչակագիրը

Լիտվիայի Հանրապետության Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցել է Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը:

Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ:

Իսկ մինչ այդ’ փետրվարի 26-ին ԼՀ Սեյմասում կայացավ «Հայաստան-Լիտվա. հայացք դեպի ոչ վաղ անցյալ» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր Հայաստանում և Լիտվայում ժողովրդավարական շարժումների և արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նաև Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր մարմնի բազմաթիվ անդամներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Լիտվայի «Սայուդիս» շարժման հիմնադիր անդամներ և լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին որպես հատուկ հրավիրյալներ մասնակցել և ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում, մասմավորապես, ընդգծել է, որ ազգային զարթոնքի շարժումը միավորել էր Լիտվայի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին ընդհանուր գաղափարների՝ ազատության և ժողովրդավարության սկզբունքների շուրջ: Նա շեշտել է, որ ԼՂՀ-ն այսօր ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ուղին՝ ափսոսանք հայտնելով, որ ԼՂՀ կարգավիճակի անորոշությունը խոչընդոտում է Արցախի ներգրավվումը միջազգային գործընթացների մեջ: Կարեն Միրզոյանը անդրադարձ է կատարել նաև հակամարտության կարգավորմանը’ ընդգծելով ԼՂՀ հանձնառությունը հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը և համոզմունք է հայտնել, որ միայն ԼՂՀ վերադարձը բանակցություններին որպես լիարժեք կողմ հնարավորություն կտա բեկում ապահովել գործընթացում:

ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանն իր ելույթում ծավալուն անդրադարձ է կատարել Լիտվայում և Հայաստանում 25 տարի առաջ սկիզբ առած ժողովրդավարական գործընթացներին’ կարևորելով այն տարիներին գոյություն ունեցող փոխադարձ զորակցությունն ու աջակցությունը, մասնավորապես՝ Լիտվայի և մերձբալթյան այլ երկրների ժողովրդավարական շարժումների սատարումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ նա կարևորել է ժողովրդավարական գործընթացների անդառնալիությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման երաշխիք և առաջարկել է Եվրամիությունը ներկայացնող լիտվացի գործընկերներին հետամուտ լինել բացառելու երկակի չափանիշների կիրառումը՝ ըստ աշխարհաքաղաքական նպատակահարմարության:

Իր խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը կարևորել է անցյալի պատմական իրադարձությունների արդար և անկողմնակալ գնահատման հանգամանքը և ընգծեց, որ «ԼՂ հիմնահարցը շատ հաճախ ներկայացվում է որպես միջազգային իրավունքի երկու հիմնարար’ ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների անհաղթահարելի հակասության դասական օրինակ: Մինչդեռ խնդիրը ավելի խորքային է. այն տարբեր արժեհամակարգերի, ֆիզիկական գոյատևման և ցեղասպանության կրկնության բացառման խնդիր է»:

Կոնֆերանսին ելույթ են ունեցել նաև Լիտվայի Սեյմասի պատգամավորներ Դանգուտե Միկուտիենեն, Ալգիս Կաշետան, Վիլյա Ալեկնայտե-Աբրաիմիկիենեն, որոնք կարևորեցին 25 տարի առաջ ժողովրդավարական շարժումների գաղափարներին հավատարիմ մնալու հրամայականը և «ռեալ պոլիտիկ»-ի մոտեցումից խուսափելու անհրաժեշտությունը’ Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման համար: Բանախոսները իրենց աջակցությունն են հայտնել արցախահայության պայքարին՝ ընդգծելով ժողովրդի ազատ կամաարտահայտությունը հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Այնուհետև ԼՀ Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցել է Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը:

Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում