«Կապանը հաղթեց, դա նշանակում է՝ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը՝ հենց հիմա»

«Էս դիմացի մայթի պաշտոնյային մի քանի քաղաքից հրավիրել եմ»,-Կապանում բնակիչների հետ հանդիպմանը՝ նկատի ունենալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հարգում է Խաչատրյանի անցած ուղին, ու խորհուրդ տվեց լսել իրեն, հաղորդում է Panorama.am-ը:

«Վստահ եմ, որ ամեն մեկդ գիտի, թե այդ մարդն ու Հայաստանի անիրավությունը, անարդարությունը, սուտը, կեղծիքը Հայաստանը չէ: Թույլ տվեք’ ազատամարտիկ լինելու համար իմ հարգանքը փոխանցել: Բայց այլևս անցյալը անցյալ է: Եվ մենք փետրվարի 18-ին կերտեցիքն նոր Կապան, նոր Սյունիք, նոր Հայաստանի Հանրապետություն: Լսեք ինձ, պարոն Խաչատրյան, լսեք»,-ասաց Հովհաննիսյանը’ նշելով, որ «կեղծ արդյունքներով» ասում են Կապանը հաղթեց, դա նշանակում է, Սուրեն Խաչատրյանի հրաժարականը’ հենց հիմա:

Մի կին վերցրեց բարձրախոսը, բարևեց Հովհաննիսյանին, ներկայացավ, որպես ազատամարտիկի քույր’ անունը Մագդա, ասաց, որ որևէ մեկն իրավունք չունի պահանջել սահմանների պաշտպանության համար զենք բռնած մարդու հրաժարականը:

«Սյունեցին շատ հյուրասեր ու պատվախնդիր մարդ է: Ես շատ կցանկանայի, որ մենք այսօր ձեզ ավելի ջերմ ընդունեինք, սիրով ընդունեինք և սեղանի շուրջ ընդունեինք: Բայց սյունեցին էնքան մեծ հայրենասեր է, որ կարողացել է իր սահմանները պահպանել, թույլ չի տվել թշնամին ոտք դնի սահմաններից ներս, ես նաև խոսում եմ որպես զոհված ազատամարտիկի քույր, և թույլ չեմ տա, որևէ մեկը, ով ուզում է լինի, որևէ ազատմարտիկի, մարդու, որ զենք է վերցրել պաշտպանել հայրենիքի սահմանը, պահանջել նրա հրաժարականը: Ես խնդրում եմ ունեցեք թասիբ, ունեցեք նամուս»,-ասաց կինը:

Կնոջ խոսքերին հետևեցին ծափահարություններ, սուլոցներ ու բարձր բացականչություններ:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ սկսեց բացականչել. «Հայաստան, Հայաստան»:

«Հայաստանը ես եմ»,-արձագանքեց կինը:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե Կապանը կողմնորոշվել է, իսկ տիկին Մագդայի արածը խիզախություն որակեց, խոստացավ, որ Կապանի հրապարակը պետք է միշտ ազատ խոսք ապահովի:

Այստեղ էլ նա ասաց «ոչ մի զադնի» չի լինելու, բոլորին փետրվարի 28-ին հրավիրեց Ազատության հրապարակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում