Ըստ Ս.Խաչատրյանի՝ պարսիկների կողմից Սյունիքի արոտավայրերի վարձակալումը Հայաստանին օգուտ կբերի

Ըստ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ իրանցիներին նույն մարզի արոտավայրերի վարձակալությամբ տրամադրումը Հայաստանին միայն օգուտ է բերելու: Այս մասին ասաց մազպետն այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում:

«Եթե վաղը հանկարծ պարսիկները փորձեն գալ Հայաստան, ոչխարներ առնեն ու փորձեն պահեն այստեղ, սա մեծ օգուտներ կբերի համայնքներին: Կարող եմ օրինակ բերել այն, որ ժամանակին գալիս էին ու 1 մլն-ից ավել բերում էին ոչխար ու համայնքներին վճարում էին: Արոտավայրերը չէր փչանում, ընդհակառակը արոտավայրերը չօգտագործելուց են փչանում, համայնքներն էլ օգուտ էին ստանում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նշված խնդրի վերաբերյալ համացանցում տարածվել էր երկու փաստաթուղթ, որոնցից մեկով՝ 2012թ. հուլիսի 10-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի միջև կնքված «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև» անունով 13 կետանոց փաստաթղթով նախնական համաձայնություն էր ձեռք բերվում Սյունիքի մարզի արոտավայրերի մասին տեղեկատվությունը իրանական կողմին փոխանցելու, ինչպես նաև հայկական կողմի պատրաստակամությունն էր հայտնվում Գորիսում սպանդանոցի և Սիսիանում համակցված կերերի արտադրամասի հիմնման մասին։ Նշված արոտավայրերը հատկացվելու էին ոչխարաբուծության նպատակներով։

Մյուս փաստաթղթով՝ այս տարվա հունվարի 15-ին Սյունիքի մարզի գյուղատնտեսության պատասխանատու Սամվել Թանգյանի և Արևելյան Ատրպատականի ցեղաբնակների գործերի կորպորատիվ միության ընդհանուր տնօրեն Ղորբան Ֆեյզիի միջև կնքված, արդեն ավելի կոնկրետ նշանակություն ունեցող «Համաձայնագիր» անունը կրող փաստաթղթով սահմանվում էր երկկողմ համագործակցության նախնական պայմանները։ Ըստ դրանց հայկական կողմը առնվազն 10 տարի նախնական ժամկետով իրանական կողմին է տրամադրում 50 հազ. հա արոտավայր՝ նախնական 25 դոլար/հա վարձավճարով։

Անդրադառնալով այս փաստաթղթերին՝ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ «դա ընդամենը մի հուշագիր է», որտեղ գյուղատնտեսական ոլորտին վերաբերող մի քանի կետեր են նշված, և այն դեռևս օրենքի ուժ չի ստացել:

«ՀՀ-ում կա հողային օրենսգիրք, ու դրանով հենց էդպես չի լինում, որ մարզպետը կամ կառավարությունը մեկին հող տա: Հողերը համայնքային տրամադրության տակ են և մրցույթով են տալիս մշակման: Ազատ հողեր չունենք, որ տրամադրենք սրան կամ նրան: Երկրաժամկետ արդեն տրամադրված են գյուղացիներին, նրանք էլ տարբեր առումներով են օգտագործում»,-ասաց նա և նշեց, որ այսօր նման բան չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում