«Ազատ ուսանողների ֆորում»-ը դասադուլ անողներին կոչ է անում կոնսենսուս գտնել

Այսօր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտ դասադուլ հայտարարած ուսանողներին դիմավորել է «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության անդամ Նարեկ Սամսոնյանն ու նրանց հանձնել ԱՈւՖ-ի տարածված հայտարարությունը:

«Ուսանողության շրջանում դասադուլը համարվում է բողոքի ծայրահեղ դրսևորում և, հաջողվելու դեպքում, այն կարող է արձանագրել զգալի հաջողություններ, իսկ ձախողվելու դեպքում’ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ ուսանողության ապագայի համար: Մենք, լինելով ուսանողական ուղղվածություն ունեցող կազմակերպություն, գտնում ենք, որ ուսանողներին նման կոչով դիմելու համար նախ և առաջ պետք է կոչով դիմեր կոնկրետ անձ կամ կազմակերպություն, որը, միևնույն ժամանակ, պետք է իր վրա վերցներ ձախողման դեպքում դրա հետևանքով տուժած ուսանողների պատասխանատվությունը:

«Ազատ ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը հայտարարում է, որ նմանատիպ անկանխատեսելի հետևանքներով հղի իրավիճակում դասադուլի կազմակերպիչները նախ պետք է հստակեցվեն և փորձեն ուսանողության շրջանում Կոնսենսուսի հասնել և նոր անցնել կոնկրետ գործողությունների: Կոնսենսուսի բացակայության դեպքում դասադուլին մասնակցող ուսանողների ապագան դրվում է կասկածի տակ’ առանց որևէ կոնկրետ պատասխանատվություն ստանձնող անձի կամ կազմակերպության առկայության:

Միևնույն ժամանակ մենք հայտարարում ենք, որ ցանկացած Կոնսենսուսի դեպքում «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը պատրաստ է կանգնել ՀՀ ուսանողների կողքին, իսկ մինչ այդ մենք զերծ ենք մնում դասադուլին միանալուն ուղղված կոչերին պատասխանելուց, քանի որ մեր նշած մտահոգությունների և ռիսկերի համար պատասխանատու և երաշխավոր չլինելու դեպքում, դասադուլը լինելու է ի հեճուկս ուսանողության մի ինչ-որ զանգվածի»,- մասնավորապես նշվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում